Լուգանսկի «Ավանգարդ» մարզադաշտում կայացավ Ուկրաինայի Սուպերգավաթի խաղարկությունը. Ուկրաինայի գործող չեմպիոն և գավաթակիր Դոնեցկի «Շախտյոր»-ը ևս մեկ տիտղոս նվաճեց` պարտության մատնելով Դոնեցկի «Մետալուրգ»-ին:
Խաղն ավարտվեց 2:0 հաշվով: «Հանքափորներ»-ի կազմում աչքի ընկան Լուիս Ադրիանոն ու Դուգլաս Կոստան` 5-րդ և 35-րդ րոպեներին:
«Շախտյոր»-ի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Մետալուրգ»-ի կազմում 90 րոպեների ընթացքում խաղադաշտում էր Գևորգ Ղազարյանը: Մեր ընտրանու մյուս ֆուտբոլիստը` թիմի նորեկ Արթուր Եդիգարյանը, պահեստայինների նստարանին էր, իսկ Կառլեն Մկրտչյանը հայտավորված չէր խաղին:









































