Ամենաքիչը երեք մարդ զոհվել և 14-ը վիրավոր է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել իրաքյան մայրաքաղաքի շիաական Սադր Սիթի թաղամասում` ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի այցի ժամանակ: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ` պայթյունի ժամանակ Անանը գտնվել է քաղաքի այլ` շատ լավ պահպանվող հատվածում:
Պատահարի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Քոֆի Անանը երեքշաբթի ժամանել էր Բաղդադ վարչապետ Նուրի ալ-Մալիքի հետ հանդիպելու համար: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Սիրիայի ճգնաժամի լուծման հարցերը, որտեղ տարուց ավել իշխանական ուժերի և ընդդիմության միջև զինված բախումներ են ընթանում:
Լրատվամիջոցների տվյալներով` Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 237 մարդ և 600-ից ավելը վիրավոր են:









































