Հնդկաստանի կառավարությունը բրիտանական Sotheby’s աճուրդի տնից 1.1 մլն դոլարով գնել է հանրապետության անկախության համար պայքարի գաղափարախոսներից մեկի՝ Մահաթմա Գանդիի արխիվը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով աճուրդի տան ներկայացուցիչներին, մի քանի հազար նամակներից, փաստաթղթերից և լուսանկարներից բաղկացած հավաքածուն պետք է աճուրդի հանվեր հուլիսի 10-ին: Սակայն Նյու Դելին աճուրդից մի քանի օր առաջ որոշում է կայացրել նախօրոք ձեռք բերել այն:
«Փաստաթղթերը հսկայական նշանակություն ունեն երկրի համար: Մենք որոշել են գնել այն, որպեսզի ավելի շատ բան իմանանք Գանդիի կյանքի մասին»,- ասել է Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչը:
Հավաքածուն կպահվի Ազգային արխիվում, դրա ուսումնասիրությամբ կզբաղվի երկրի մշակույթի նախարարության հատուկ հանձնաժողովը:
Արխիվը պատկանում էր հրեա ճարտարապետ Գերման Կալենբախի ընտանիքին, որը եղել է Գանդիի մոտ ընկերը: 1891-1915 թթ. թվագրվող փաստաթղթերի մեջ փորձագետները գտել են տասնյակ նամակներ, որոնք գրվել են Գանդիի հարազատների և նրա ընկերների կողմից:
Հնդիկ փիլիսոփային պատկանող իրերը մեծ հետաքրքրություն են առաջացնում բրիտանական աճուրդում: Այսպես, ապրիլի սկզբին Mullock’s աճուրդի տունը Գանդիին պատկանող իրերի աճուրդից ստացավ 160 հազար դոլար շահույթ:








































