Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ ընդունել է Բենինի նախագահ Թոմաս Բոնի Յայիին: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ամրագրել Աֆրիկայի հետ իր կապերը.
«Թուրքիան երկար ժամանակ է, ինչ Աֆրիկան դիտարկում է որպես իր դիվանագիտության համար առաջնահերթ տարածաշրջաններից մեկը: Թուրքիան մեծ ուշադրություն է հատկացնում աֆրիկյան մայրցամաքի անվտանգության ու հումանիտար խնդիրներին: Թուրքիան մտադիր է կրկնապատկել Աֆրիկայում ունեցած դեսպանատների քանակը՝ 17-ից հասցնելով 34-ի»:
Գյուլն ընդգծել է, որ Թոմաս Բոնի Յային Թուրքիա այցելած Բենինի առաջին նախագահն է, և նրա այս այցը կնպաստի Թուրքիայի ու Բենինի միջև կապերի զարգացմանը:










































