«Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այսօր` ժ. 17.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում հայ հանդիսատեսը «Հայկական համայնապատկեր» խորագրի ներքո ցուցադրվող ֆիլմերի շրջանակում հնարավորություն կունենա դիտելու ծագումով Սիրիայից, ռեժիսոր Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց հրապարակախոս Սագո Արեանը, Հայաստանի, Լիբանանի, Թուրքիայի արտադրության ֆիլմը նկարահանվել է 2011 թ. հոկտեմբերին Ստամբուլում:
Ֆիլմում նկարահանվել են նաև Միհրան Թովմասյանը, Արա Գյուլերը, Օնդեր Ջեքարը:
Լիբանանահայ մոդեռնիստ պոետ Սագօ Արեանը մեկ դար հետաձգված ուղևորություն է ձեռնարկում` վերադարձ իր նախնիների քաղաք Ստամբուլ, որտեղ նրա մշակութային և գրական արմատներն են: Նա շրջում է Ստամբուլի հին փողոցներով, որ ժամանակին հայերով էին բնակեցված, հին գերեզմանատներով, ուր պոետներ են հանգչում, հին եկեղեցիներով և դարից էլ հին միջնակարգ դպրոցով: Հանդիպում է ահել-ջահելի, հայտնի ու անհայտ մարդկանց, հայ ու թուրքի, լսում սրանց պատմությունները, կարծիքները, ծիծաղում և հաց կիսում նրանց հետ:
Ֆիլմը կցուցադրվի նաև հուլիսի 12-ին՝ ժ. 19.00-ին, «Մոսկվա» կ/թ-ի փոքր դահլիճում:










































