Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կրկին հայտարարել է, որ բուժվել է քաղցկեղից։ 4 ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Չավեսն ասել է, որ ինքն առույգ է և աշխատունակ։ Նա հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից սկսում է նախընտրական քարոզչությունը և պատրաստվում է այցելել Վենեսուելայի նահանգներ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ Չավեսի մոտ քաղցկեղը հայտնաբերվել էր 2011-ի կեսին։ Հոկտեմբերին նախագահը հայտարարեց, որ բուժվել է, սակայն այս տարվա փետրվարին նա նորից հայտարարեց, որ քաղցկեղը զարգանում է։ Տեղեկացնենք, որ Չավեսն իր թեկնածությունն է առաջադրել հոկտեմբերի 7-ին նախանշված նախագահական ընտրություններին։
«Հենց այսօր ես անցնում եմ ակտիվ գործողությունների։ Մեր հարձակումը սկսվում է այսօր»,- հայտարարել է Չավեսը՝ իրեն անվանելով «բոլիվարական փոթորիկ» (հերոս Սիմոն Բոլիվարի անվամբ)։









































