Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասը հաստատել է Յասիր Արաֆաթի մարմնի արտաշիրիմումը:
Նրա մահվան պատճառը պարզելու նպատակով ինքնավարության ղեկավարությունը հրավիրել է մասնագետների Ռադիացիայի շվեյցարական ինստիտուտից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, այսօր հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
Այս շաբաթ Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը ցուցադրել է վավերագրական ֆիլմ ` նվիրված Արաֆաթի մահվան պատճառին, որը մինչ օրս գաղտնի է մնում:
Մասնավորապես բերվում էին Ռադիացիայի շվեյցարական ինստիտուտի տնօրենի խոսքերը, որը հայտարարել է, թե Արաֆաթի այրու` Սոխոյի կողմից Արաֆաթի տրամադրած հագուստների վրա հայտնաբերվել են պոլոնիումի հետքեր: Նրա խոսքով` դա ապացուցելու համար անհրաժեշտ է վերցնել ԴՆԹ-ի անալիզ, ինչի համար անհրաժեշտ է կատարել արտաշիրիմում:
Հուլիսի 4-ին Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավարությունը հայտարարեց, որ «ոչ մի կրոնական կամ քաղաքական արգելք չի տեսնում» Արաֆաթի աճյունը հետազոտելու համար:
Արաֆաթը մահացել է 2004թ. նոյեմբերի 11-ին Փարիզի արվարձանում` Պերսի ռազմական հոսպիտալում կյանքի 75-րդ տարում:
Հոկտեմբերի 29-ին նա Ռամալլայի իր նստավայրից ծանր վիճակով տեղափոխվել էր Փարիզ: Նոյեմբերի 3-ին ընկնելով կոմայի մեջ՝ 8 օր անց մահացել է:
Նրա մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:










































