Եթե ԼՂՀ-ում մեկնարկած այս ընտրարշավը համեմատենք 2007 թվականի իրավիճակի հետ, ապա կտեսնենք, որ այս անգամ իշխանություններին չի հաջողվի իրականացնել «Միասնական թեկնածու» գործողությունը և կանխորոշել ընտրությունների արդյունքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, ԼՂ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:
«Նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուին աջակցած կուսակցությունների մի մասն այս անգամ չեզոքություն կդրսևորի կամ կպաշտպանի ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի թեկնածությունը: Ակնհայտ է, որ քաղաքական պայքարն ընթանալու է գործող նախագահի և Բալասանյանի միջև: Այն, որ նախագահական ընտրությունները կանցնեն այլընտրանքային հիմունքներով, դրականորեն կանդրադառնա ԼՂՀ միջազգային վարկանիշի վրա: Ստեղծված իրավիճակը հարուցում է լուրջ հետաքրքրություն մեր տարածաշրջանի հարցերով զբաղվող օտարերկրյա փորձագետների շրջանում: Նրանցից ոմանք ընտրությունների ընթացքին տեղում հետևելու ցանկություն են հայտնել»,- նշեց նա:
Հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի առաջիկա նախագահական ընտրություններից՝ Մասիս Մայիլյանը նշեց, որ նախևառաջ կարևորում է ԼՂՀ քաղաքացիների առջև ԼՂՀ գործող նախագահի հաշվետվությունը՝ պաշտոնավարման անցած հինգ տարիների աշխատանքի վերաբերյալ: «Այլընտրանքային թեկնածուի առաջադրումը պայմաններ է ստեղծել, որպեսզի Արցախի հասարակությունը ոչ միայն լսի իշխանությունների հաշվետվությունը, այլև իմանա, թե ինչպե՞ս են գնահատում իշխանությունների աշխատանքը Վիտալի Բալասանյանը և ԼՂՀ մյուս քաղաքական և հասարակական գործիչները, նաև թե ինչպիսի նոր գաղափարներ և ծրագրեր է առաջարկում այլընտրանքային թեկնածու Բալասանյանը: Նախագահի՝ ընտրողներին հաշվետու լինելը մեր երկրի ժողովրդավարական զարգացման ապահովման կարևոր մեխանիզմն է: Ընտրարշավի ընթացքում քաղաքական մշակույթի այս բաղադրիչը մեզ մոտ պետք է արմատավորվի:
Բացի դրանից, ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները մեզ հնարավորություն են ընձեռում բարձրացնել երկրի վարկանիշը քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների սանդղակում: Հայտնի է, որ 2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո «Ֆրիդոմ հաուս» միջազգային կազմակերպության գնահատմամբ ԼՂՀ-ն դասվել է «անազատ երկրների» շարքը և ժողովրդավարական զարգացման տեսանկյունից հավասարվել է Ադրբեջանին:
Ակնկալում եմ, որ իշխանությունները և իշխանամետ քաղաքական ուժերը կդրսևորեն իսկական հայրենասիրություն և օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով կուղղեն նախկինում թույլ տված սխալները: Հարկ է գիտակցել, որ ժողովրդավարության ամրապնդմամբ ապահովվող արժանապատիվ կյանքը նախևառաջ անհրաժեշտ է հենց Արցախի քաղաքացիներին: Միաժամանակ, Արցախի ժողովրդավարական վարկանիշը նպաստելու է արտաքին քաղաքական գլխավոր խնդրի լուծմանը՝ ԼՂՀ միջազգային ճանաչմանը»,- ամփոփեց Մասիս Մայիլյանը:











































