Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի զեկուցվել է, որ ամբողջությամբ գույքագրվել են մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթական ցայտաղբյուրները: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող ցայտաղբյուրի հիմանորոգման համար Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում աշխատանքներ տանել դրա վերագործարկման նպատակով:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բուժվում և կրապատվում են վարչական բոլոր շրջաններում առկա ծառերը: Ընթացքի մեջ են նաև Աշտարակի խճուղու միջնամասերի և մայթերի հարակից տարածքների ճիմապատման և ձևավորման աշխատանքները:
Քաղաքապետի հանձնարարությամբ կլուծվի նաև ճանապարհահատվածի արտաքին լուսավորության հարցը: Այգիներում, պուրակներում և կանաչ տարածքներում առկա չորացած և անկման վտանգ ներկայացնող ծառերի մասով զեկուցվել է, որ գույքագրումից հետո իրականացվում է սանիտարական էտում` քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Դվին» հյուրանոցի հարակից տարածքում տեղակայված «Լեռնային պար» հուշարձանի տեղափոխման, ինչպես նաև «Հուշարձան ընթերցողին» քանդակի տեղակայման վայրի ընտրության մասով Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ քննարկվում են ներկայացված առաջարկություններն ու առաջիկայում կհստակեցվեն տեղադրման վայրերը:









































