Չինաստանի հարավային Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում մաքսային ծառայության աշխատակիցները փրկել են հազարավոր կոկորդիլոսների: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Փորձ է արվել հարևան Վիետնամից ավելի քան 3600 հազվագյուտ սիամական կոկորդիլոսներ բերել Չինաստանի տարածք, որտեղ նրանք պետք է մոտակա Գուանդուն շրջանի էկզոտիկ ռեստորանում թանկարժեք սնունդ դառնային:
Ներկայում անասնաբույժները օգնություն են ցուցաբերում կենդանիներին: Տեղափոխության ընթացքում կենդանիներից մի քանիսը ջերմային հարվածի և ջրազրկման հետևանքով հնարավոր մահից մի կերպ են խուսափել:
Սիամական կոկորդիլոսները բնակվում են Հարավարևելյան Ասիայի երկրներում և ընդգրկված են միջազգային Կարմիր գրքում: 3 մետր երկարության հասնող գիշատիչները հանդիպում են ճահճուտներում, դանդաղահոս գետերում, լճերի ափերին: Տարածաշրջանի բոլոր երկրներում, բացառությամբ Կամբոջայի, այս տեսակը գտնվում է ոչնչացման սպառնալիքի ներքո:
Սիամական կոկորդիլոսների միսը Չինաստանի տնտեսապես զարգացած հարավային մեգապոլիսներում հարուստ գուրմանների սեղանների ամենահամեղ պատառն է:







































