ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է լիբիացիներին ավելի քան 40 տարվա մեջ առաջին անգամ անցկացված ազատ ընտրությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», նա այդ իրադարձությունն անվանել է հերթական կարևոր քայլ դեպի ժողովրդավարություն ճանապարհին:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Տոկիոյում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, նույնպես ողջունել է Լիբիայի ընտրությունները: «Ավելի քան 40 տարվա ավտորիտար կառավարումից հետո Լիբիայի բոլոր ծայրերում կանայք և տղամարդիկ հնարավորություն են ստացել ինքնուրույն որոշելու իրենց ճակատագիրը: Այսուհետ ամեն բան որոշում է ժողովրդի կամքը, և ոչ թե բռնապետի քմահաճույքները»,- ասել է նա:
Հիշեցնենք. հուլիսի 7-ին Լիբիայում տեղի ունեցան 40 տարվա մեջ առաջին խորհրդարանական ընտրությունները, որ անցան ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլի գլխավորած լիբերալ «Ազգային ուժերի միություն» կուսակցությունը հավաքում է ձայների 60%-ը:











































