Հայաստանի թենիսի ֆեդերացիան և Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) հուլիսի 9-14-ը Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են «Ամերիա Գավաթ» Futures դասի տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար, որի համար «Ամերիա» ընկերությունների խումբը սահմանել է մրցանակային ֆոնդ՝ 15.000 ԱՄՆ դոլարի չափով։
«Ամերիա» ընկերությունների խմբի մարկետինգի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Ռեբեկա Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
-«Ամերիա»-ն որերորդ անգամ օգնում է նման մրցաշարի կազմակերպմանը։ Ինչո՞վ է այն կարևոր «Ամերիա»-ի համար։
-Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ամերիա» ընկերությունը հովանավորում և աջակցում է թենիսի ֆեդերացիային՝ մրցաշարը կազմակերպելու համար։ Սա թենիսի պրոֆեսիանալ մրցաշար է, և ինչպես ընդունված է ողջ աշխարհում, բազմաթիվ ֆինանսական հաստատություններ աջակցում են սպորտի՝ հատկապես թենիսի զարգացմանը։
Առաջարկությունը 2 տարի առաջ ստացվել է թենիսի ֆեդերացիայից, և «Ամերիա» ընկերությունների խումբը, կարևոր համարելով հայկական սպորտի և Հայաստանի՝ որպես միջազգային սպորտային հարթակի զարգացումը, որոշեց աջակցել և ստեղծել «Ամերիա Գավաթ» մրցաշարը։ Կարծում եմ, որ սա իսկապես կարևոր է՝ վերոհիշյալ նպատակներն իրագործելու համար։ Մուտքն ազատ է, և խաղերը կարող են դիտել բոլոր ցանկացողները։ «Ամերիա»-ն կարևորում է Հայաստանում սպորտի զարգացումը և հատկապես այստեղ միջազգային մրցաշարերի անցկացումը։
-Ի՞նչ կարևորություն ունեն նման մրցաշարերը Հայաստանում թենիսի զարգացման համար։
-Այս մրցաշարը մեծ կարևորություն ունի։ Բնականաբար Հայաստանը միջազգային հարթակում անմիջապես չի հաստատվի, բայց նման մրցաշարերի անցկացումից հետո Հայաստանը կարող է դառնալ միջազգային մրցաշարեր ընդունող լավագույն երկրներից մեկը։
-Ի՞նչու թենիս։
-Մենք այդքան էլ չենք աջակցել սպորտին, բայց թենիսի ֆեդերացիայից առաջարկ ստացանք 2 տարի առաջ և ընդունեցինք այն։ Մենք բաց ենք ցանկացած տիպի նման առաջարկների համար։







































