ՀՀԿ-ի համար արտաքին հարաբերություններ հաստատելը վերջին տարիներին դարձել է կուսակցության կարևոր ուղղություններից մեկը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Մեր քաղաքական համակարգը էվոլյուցիոն փոփոխությունների խնդիր ունի: Որքան ավելի կայացած ու ժամանակակից լինեն հայաստանյան քաղաքական ուժերը, այնքան ավելի քաղաքակիրթ ու կանխատեսելի կլինեն քաղաքական գործընթացները: Արտաքին հարաբերությունների շնորհիվ կուսակցությունները հաստատում են արտաքին կապեր, և դրանց շնորհիվ կարելի է լուծել ՀՀ առջև ծառացած խնդիրները:
ՀՀԿ-ն արտաքին կապերի հաստատման հարցում ունի մի շարք առաջնահերթություններ: Մենք այլևս Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ ենք: Մեր կապերն այդ քաղաքական ուժի հետ զարգանում են բոլոր ուղղություններով,այդ թվում` երիտասարդական, կանանց թևերի: Վաղը Բաթումում տեղի է ունենալու ԵԺԿ գագաթաժողով, որին մասնակցելու են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Գագաթաժողովին ներկա է լինելու նաև ԵԺԿ նախագահը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում, ըստ ամենայնի` աշնանը, ՀՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ջանքերով կծավալվեն ԱՊՀ երկրների միջև միջկուսակցական կապերի ամրապնդմանը նվիրված միջոցառումներ, որոնց, հնարավոր է, մասնակցեն նաև ներկայացուցիչներ Ադրբեջանից:
«Մեր նպատակը մեկն է` ԱՊՀ տարածքում, բացի ինտեգրացիոն տարբեր ծրագրերից, ունենալ նաև միջկուսակցական համագործակցության ձևաչափ: Մենք շատ ենք կարևորում նաև ՀՀԿ կապերը միջազգային հասարակական կազմակերպությունների հետ: Շուտով կուսակցության ներսում կստեղծվի աշխատանքային խումբ, որն էլ պատասխանատու կլինի ՀՀԿ արտաքին կապերի համար»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով Եվրասիական միության գաղափարին` ՀՀԿ փոխնախագահն այն բավական հետաքրքիր որակեց:
«Անկախ ՀՀ անդամության հանգամանքից` մեզ համար նմանօրինակ ձևաչափերի ստեղծումը խիստ կարևոր է: Ինչ վերաբերում է Եվրասիական միության ստեղծման գաղափարին, ապա այն կարող է նպաստել տարածաշրջանային երկրների կապերի ամրապնդմանը»,- նշեց նա:








































