Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սաուդյան Արաբիային, Քաթարին և Թուրքիային մեղադրել է սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը տապալելու համար, կիրակի օրը հաղորդել է Reuters գործակալությունը` հղում անելով Ասադի` գերմանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցին:
«Մենք գիտենք, որ Անանը բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում, սակայն չպետք է թույլ տանք, որպեսզի ծրագիրը տապալվի, դա շատ լավ ծրագիր է… Գլխավոր խոչընդոտն այն է, որ շատ երկրներ անգամ չեն ուզում, որպեսզի այն բարեհաջող իրագործվի, այդ իսկ պատճառով նրանք առաջարկում են քաղաքական աջակցություն և շարունակում են Սիրիայի ահաբեկիչներին զինել ու ֆինասավորել»,- հայտարարել է Ասադը Erste հեռուստաալիքին:
«Ահաբեկիչներին սատարող» երկրների թվում Սիրիայի նախագահը նշել է Սաուդյան Արաբիային և Քատարին, որոնք, ըստ նրա, ապստամբներին զենք են տրամադրում, ինչպես նաև Թուրքիային, որն էլ «մաքսանենգությանը նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում»:











































