Այսօր լրանում է հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժանաբար ծեծի ենթարկված և հունիսի 29-ին մահացած Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահվան 7 օրը: Ինչպես նրա մահվան հաջորդ օրը, այսօր ևս քաղաքացիական հասարակությունը, դեպքից մտահոգված անձինք յոթնօրեքի կապակցությամբ, ի հիշատակ Վահե Ավետյանի, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում` նրա զոհվելու վայրում, կազմակերպել են մոմավառություն: Քաղաքացիական նախաձեռնությունների նպատակն է մոմավառությամբ կրկին հարգել Վահեի հիշատակը և ցույց տալ հասարակության միասնականությունը:
Մոմավառության կազմակերպիչները մասնակիցներին նախապես հորդորել էին զուսպ լինել, չտրվել որևէ սադրանքի, քանի որ գլխավոր նպատակն այլ պահանջ է առաջադրել իրենց:
Քիչ առաջ մեկնարկել է նախապես ծրագրված ակցիան «Հարսնաքար» ռեստորանի մոտ: Համալիրը հսկող ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ նույնիսկ ռեստորանային համալիրի հրապարակային ավտոկանգառին: «Հարսնաքարի» մուտքի մոտ Ռուբեն Հայրապետյանը հարվածել և գետնին է գցել Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին: «Առաջին լրատվական»-ի խնդրանքին ի պատասխան մանրամասնելով տեղի ունեցածը` Վեզիրյանը հստակեցրեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն կտա միայն վաղը:
Մի շարք ներկաների փաստմամբ`«Հարսնաքարի» մուտքի մոտ Ռուբեն Հայրապետյանը գետնին է տապալել իրավապաշտպանին: Այլ մանրամասներ հայտնի չեն: Այս պահին ակցիայի հարյուրավոր մասնակիցներ կանգնած են մուտքի մոտ և վանկարկում են` «Նեմե՛ց, խուլիգա՛ն», «Նեմե՛ց, հանցագո՛րծ»:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին: Վահե Ավետյանը շուրջ 13 օր կյանքի ու մահվան կռիվ տալով` հունիսի նախավերջին օրը մահացավ, իսկ մյուս երկու տուժածները դեռ հոսպիտալում եմ: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կան կալանավորվածներ, իսկ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի









































