Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Ջեյմս Թուրմանը կիրակի օրը ստիպված է եղել հարավկորեական իշխանություններից պաշտոնապես ներողություն խնդրել իր զինվորների սխալ գործողությունների համար, գրում է Взгляд-ը:
Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, ռազմական ոստիկանության յոթ ամերիկյան զինվոր, որոնք հսկում են Սեուլից հարավ ամերիկյան ռազմաբազայի տեղակայման շրջանը, ընդհարվել են երեք տեղացի բնակչի հետ` նրանցից մեկին մեղադրելով ավտոմեքենան սխալ կայանելու համար: Երբ տեղի բնակիչները հրաժարվել են ամերիկացիների պահանջը կատարելուց, նրանք ձեռնաշղթաներ են հագցրել բնակիչների ձեռքերին:
Տեղի ոստիկանության ժամանելուն պես ամերիկացիները ստիպված են եղել ազատ արձակել քաղաքացիներին:
Միջադեպը Սեուլում լայն արձագանք է ստացել: Հարավային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը ամերիկացի զինվորականների գործողություններն անվանել է «նրանց լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ» :
Գեներալը ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել` հաղորդելով, որ միջադեպին մասնակից բոլոր զինվորներն ազատվել են իրենց պարտականություններից, որ նրանց նկատմամբ հետաքննություն է կատարվում, հաղորդում է Interfax-ը:











































