«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը:
– Պարոն Թումանյան, տեղյակ եք, կարծում եմ, «Հարսնաքար»-ում պատահած ոճրագործությանը, դրան հետևած հասարակական բուռն արձագանքին և նախագահի հետ զրույցից հետո Ռուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնելուն:
-Կարճ պատասխանեմ` ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը պետք է լիներ պատգամավոր, որ մի հատ էլ դուրս գար: Ովքե՞ր են դրանք: Բիզնեսմենը թող բիզնեսով զբաղվի: Իսկ եթե ունեն մեկենասի հոգի, թող աջակցեն սպորտին, գիտությանը, մշակույթին: Ամբողջ արհավիրքի պատճառը հենց Ռուբեն Հայրապետյանի ու նրա նմանների` ԱԺ-ում գտնվելն է: Իսկ «Հարսնաքար»-ում պատահածն այնքան տգեղ պատմություն է, որ դրան ես գնահատական տալ չեմ կարող: Ընդհանրապես, վերջերս որոշ դեմքեր սկսեցին շատ հոգնեցնել ու զզվեցնել: Ինչ-որ բան են պահանջում, անընդհատ փորձում են կայանալ: Բայց փողը նրանց ոչ կկայացնի, ոչ էլ կշտկի նսեմացուցիչ վարքը: Ամբողջ երկրում քաղցկեղի պես տարածվել է մեկը մյուսին ստորացնելը, մեկը մյուսին սպանելը:
– Այս ողջ ընթացքում, մինչ երկրում քաղցկեղ է տարածվում, հոտին են սպանում, հոտն ինքնասպանվում է, հոգևոր հովիվները լռեցին և շարունակում են լռել: Ի՞նչ եք կարծում, նրանք ներքուստ տառապում են և խոսքեր չունե՞ն ասելու, տեղյակ չե՞ն կատարվածից, թե՞ մեկ ուրիշ պատճառ էլ կա:
– Հոգևորականները ո՛չ Աստծո հետ կապող օղակ են, ո՛չ էլ կարող են իրենց բարոյախոսությամբ հոգևոր բարեկրթություն բերել ժողովրդին: Եվ նրանք միշտ ունեն լռելու մասին իրենց պատճառաբանությունը: Գուցե ժողովրդի ամենադժվար պահին իրենց կարդացած «լո-լո»-ներն ավելի՞ զայրացնեն ժողովրդին: Այդ խնդիրները գուցե կան աշխարհի շատ երկրներում, բայց մենք իրավունք չունենք այդ հարցում համեմատվել նրանց հետ: Շատ փոքր Հայաստան է մնացել` աղավաղված հոգեբանությամբ: Եվ անընդհատ օդում առկախ մի հարց` իսկ ո՞վ պետք է խոսի… Իսկ կարծում եք գործին մո՞տ են թողնում նրանց, ովքեր պիտի խոսեն ու գործեն: Հետո՝ եթե ասացիր ճշմարտությունը, կարծում եք` ժողովրդին դա պե՞տք է:
– Կա՞ մի ճշմարտություն, որ կուզեիք ասել:
– Ես չեմ ուզում ասել: Ես ուզում եմ անել: Եվ ուզում եմ, որ մշակութային գործիչներն ավելի քիչ խոսեն և շատ գործեն: Պետք չէ նրանց այդքան խոսեցնել: Մանավանդ որ նրանք իրենց տեսակով խոցելի են ու փակվող: Մեր դիցաբանական առասպելներում էլ մեր հերոսները փակվում են ու էլ դուրս չեն գալիս: Գործողություն է պետք անել` առանց հայտարարելու:
– Ամեն դեպքում, 2008-2009 թթ., երբ շարժումն իր կիզակետում էր, Դուք միշտ եղել եք «Ազատության» հրապարակում: Համենայն դեպս, Ձեր մասին չի կարելի ասել, թե Դուք միայն գործել եք և չեք խոսել, անարձագանք եք մնացել երկրում կատարավող իրադարձություններին, հասարակական հուզումներին, համընդհանուր պայքարին: Դուք միշտ եղել եք ընդդիմության կողքին:
– Ես ոչ թե ընդդիմության կողքին եմ, այլ ինքս տեղով ընդդիմություն եմ և իմ ժողովրդի կողքին եմ կանգնած եղել: Ես չեմ ուզում լղոզվել որևէ քաղաքական ուժի հետ: Ես ոչ թե կանգնած եմ քաղաքական ուժի կողքին (չգիտես, թե վերջում ով ում կողմն է անցնում), այլ կանգնած եմ իմ ժողովրդի կողքին, կռիվ տվող հայ քաղաքացիների կողքին: Ես ուզում եմ՝ իմ երկիրը զարթոնք ապրի, ուզում եմ՝ իմ երկրում մարդիկ լավ ապրեն, առողջ մթնոլորտ լինի. ահա իմ պահանջները ցանկացած իշխանությունից` լինի Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, թե մեկ ուրիշը: Մենք չունենք ժողովրդին ոտքի կանգնեցնելու լուրջ մեխանիզմներ: Որովհետև երբեք կանգ չենք առնում հոգևոր սննդի, բարեկրթության հարցերի վրա, այլ մատնանշում ենք սոցիալական խնդիրները: Ես հասկանում եմ, որ ոչ ոք այս երկրում ապահովագրված չէ, բացի` մեքենաներից: Բայց ինչո՞ւ երբ հարցը հասնում է մահացող «արվեստին», փող միշտ գտնվում է: Իսկ այդ անորակ սննդով չես կարող բարեկիրթ հասարակություն ունենալ: Այդ անդեմ արվեստով, նսեմացնող փոխհարաբերություններով մենք ոչնչի չենք հասնի:
– Այնուամենայնիվ, հիմա Դուք հանրահավաքներին չեք լինում:
– Դրանք ուրիշ ժամանակներ էին, և ես կանգնած էի պայքարող քաղաքացիների կողքին: Բայց գիտեք, ես ավելի շատ գործելու կողմնակից եմ, քան խոսելու: Մեկ կասեմ, երկու կասեմ, հետո` կլռեմ: Որովհետև եթե դու չես կարողանում աշխատեցնել իմ հնարավորությունները, ավելի լավ է՝ լռես: Մարդը միայն հղկվում և աճում է աշխատանքով և դրական էմոցիաներով: Ես այսօր լավ բան չեմ տեսնում: Եվ խոսել չեմ ուզում:
– Եվ, այնուամենայնիվ, «Հարսնաքարում» պատահած ոճրագործությունն արթնացրեց հասարակական զգոնությունը: Ի՞նչ եք կարծում, հաշվի առնելով պայքարի անցած տարիների փորձը` հասարակական շարժումը ի՞նչ նոր պահանջներով պիտի հանդես գա, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն Վահեներ:
– Հաջողության կարելի է հասնել միայն մտածված, կոնցեպտուալ, ոչ ագրեսիվ քայլերով: Եվ իրավունք չունենք կրկնօրինակել բանանային երկրների կենսափորձը:
– Բայց մեր ազգային սիմվոլներ, այսպես ասած` բրենդ դարձած ագրարային կուլտերը բանանի հետ այնքան էլ կապ չունեն:
– Այո, ծիրան է, նուռ, խաղող: Տիեզերական և հոգևոր ուրիշ ոչ մի արժեք չկա այս երկրում: Դուդուկը, զուռնան, դհոլն ու տրեխներով պարը մոռացա: Մենք մոռանում ենք, որ հնդեվրոպական ծագում ունենք, Եվրոպան և Ասիան միացնող երկիր են եղել և հազարամյակներ առաջ եղել ենք եվրոպական կուլտուրայի մատրիցան: Իսկ հիմա չենք կարողանում ասիական ճահճից դուրս գալ:










































