«Օդի արքան» բարեհաջող ավարտել է իր ծրագրած 81 լարաքայլերից առաջինը: Լարագնաց Ջեյ Քոշրենը Կանադայում ժպիտով անցել է Skylon Tower-ից Hilton Fallsview հյուրանոց ամրացված լարի վրայով:
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 68-ամյա լարագնացը հյուրանոց է հասել՝ 396 մետր հեռավորությունը 30 րոպեում հաղթահարելուց հետո: Զարմանալին այն է, որ նա ընթացել է ոչ թե ուղիղ ճանապարհով, այլ դեպի վեր: Նա գտնվել է 177-182 մետր բարձրության վրա՝ առանց անվտանգության միջոցների: Քոշրենը մտադիր է իր իսկ նախաձեռնած Skywalk -2012 նախագծի շրջանակում 11 շաբաթվա ընթացքում ամեն օր իրականացնել նմանատիպ հնարքներ՝ սահմանելու համաշխարհային ռեկորդ: Ներքևում հավաքված բազմությունը սրատատրոփ հետևել է նրա յուրաքանչյուր քայլին:
Քոշրենն իրականացրել է Հյուսիսային Ամերիկայի պատմության՝ շինությունից շինություն ամենաբարձր և ամենաերկար լարաքայլը:
Նա լարագնացության 50 տարվա փորձ ունի և ապավինելով դրան՝ հրաժարվել է անվտանգության միջոցներից: Սա նրա՝ լարագնացության 7-րդ ռեկորդն է: Նա իր ամենացնցող հնարքը կատարել է 1981 թվականին Պուերտո Ռիկոյում՝ 21 օր ապրելով օդում:









































