Իսպանիայի մայրաքաղաքի իշխանությունները, որոնք ֆինանսական ճգնաժամի պատճառով ծանր վիճակում են հայտնվել, քայլեր են ձեռնարկում քաղաքային գանձարանը լիքը պահելու համար՝ սկսած քաղաքի սեփականության վաճառքից մինչև դպրոցական դասագրքերի և աղբահավաքման վրա տնտեսումը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Մադրիդի և ամբողջ ինքնավար մայրաքաղաքի շրջանի պարտքը այս տարի գերազանցել է 14 մլրդ եվրոն: Պատճառը վերջին շրջանում արագ ավելացող բյուջեի դեֆիցիտն է: Ճգնաժամը մասնատել է հազարավոր ձեռնարկություններ, և հավաքվող հարկերի չափը զգալիորեն կրճատվել է:
Բացի այդ, բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարը Իսպանիային ԵՄ-ի կողմից վարկ տրամադրելու հիմնական պայմաններից մեկն էր: Սա լրացուցիչ խթան է, որպեսզի Իսպանիայի իշխանությունները բոլոր մակարդակներում տնտեսության կոշտ միջոցառումներ սահմանեն:
Այդ նպատակով հուլիսից 10%-ով կրճատվել է Մադրիդի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: Գործուղման մեկնող պաշտոնյաները թռչում են միայն էկոնոմկլասով, հյուրընկալվում ոչ թանկարժեք հյուրանոցներում:
Իսպանիայի մայրաքաղաքում մետրոն հուլիսից փակվում է մեկուկես ժամ շուտ՝ ուղիղ կեսգիշերին: Դրա հաշվին նախատեսվում է տնտեսել տարեկան 5 մլն եվրո: Բացի այդ, ծախսերը կրճատելու համար դադարեցվել է մի քանի արվարձանների մայրուղիների շինարարությունը: նախատեսվում է նաև, որ այսուհետ քաղաքի աղբը կհավաքեն ոչ թե ամեն օր, այլ շաբաթական երեք օր:









































