ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառելու այն 6 աֆրիկացիների նկատմամբ, որոնք կասկածվում են սոմալիական «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ:
Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրան», նրանց թվում է նաև Էրիթրեայի արտաքին հետախուզության ղեկավար Տևոլդե Խաբտե Նեգաշը, որը ամերիկացիների կարծիքով, համակարգում է կապը զինյալների և իր երկրի կառավարության միջև:
ԱՄՆ կառավարության տվյալներով` 2007-2009 թթ. Նեգաշը «Ալ-Շաբաբի» համար Էրիթրեայի տարածքում կազմակերպել է ուսումնական ճամբար, որտեղ ահաբեկիչներին սովորեցրել են դառնալ մահապարտներ, ինչպես նաև ռումբեր տեղադրել ավտոմեքենաներում,- գրում է Reuters-ը:
Բացի այդ` նա մեղադրվում է Մոգադիշոյում ճամբարի կազմակերպման մեջ: Էրիթրեայի հետախուզության ղեկավարին մեղադրում են նաև լոգիստիկայի միջոցով ահաբեկիչների ֆինանսապես օգնելու մեջ,- գրում է Agence France-Presse-ը:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու նաև մեկ սուդանցու ու չորս քենիացու նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ աջակցել են ահաբեկիչներին:
Պատժամիջոցներն իրենց մեջ ներառում են ԱՄՆ-ում ակտիվների սառեցում, ինչպես նաև արգելում են ամերիկացի ֆիզիկական և իրավաբանական անձանց նրանց հետ բիզնես վարել:
Սոմալիում գործող «Ալ-Շաբաբը» Վաշինգտոնի կողմից ներառված է ահաբեկչական խմբավորումների թվում:






































