ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու քայլը Սերժ Սարգսյանի կողմից մտածված PR ակցիա էր, որն իրավական ոչ մի ենթատեքստ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ կատարվածը պետք է դիտարկել որպես զուտ քաղաքական ենթատեքստ ուենցող հարց:
«Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատը վայր դնելու քայլը շատ նման է Մաշտոցի պուրակի «օպերացիային», երբ երկրի ղեկավարը, կատարելով հերթական PR քայլը, Երևանի քաղաքապետին կարգադրեց ապամոնտաժել այնտեղ տեղադրված առևտրի կրպակները: Իսկ ահա «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված և դրա արդյունքում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դեպքի կապակցությամբ հասարակական բողոքն արձագանք չունեցավ մինչ այն պահը, երբ ՀՀԿ ղեկավարն իր մոտ կանչեց կուսակցին և հորդորեց վայր դնել պատգամավորական մանդատը: Այստեղից հետևություն. բոլոր հարցերն ի զորու է լուծել միայն երկրի ղեկավարը»,- ասաց Արմեն Բադալյանը:
Ամփոփելով՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը կարևոր հանգամանք համարեց փաստը, որ Ավան վարչական շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանին ընտրությունների ժամանակ ձայն էին տվել «իքս» թվով քաղաքացիներ, սակայն նրան մանդատից զրկեց ոչ թե ժողովուրդը, այլ երկրի նախագահը:
Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:








































