«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Եգիպտոսում հեղափոխության նոր ալիքն առաջացավ «Facebook»-ի միջոցով: Նա կանխատեսեց, որ Հայաստանում էլ կարող են ամեն պահի տեղի ունենալ հետաքրքիր երևույթներ: Ըստ Աշոտ Մանուչարյանի` պետք չէ ամեն տեղ տեսնել միայն խարդավանքներ, թեև տարբեր երկրներ կարող են միջամտել շատ հարցերում:
Աշոտ Մանուչարյանը մեծ սպասումներ չունի տարբեր քաղաքական ուժերից: Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր է, որ ընդդիմությունը միավորվի, Աշոտ Մանուչարյանն ասաց, որ ինքը հավանական է համարում միավորման տարբերակը:
Եթե այսպես շարունակվի, ապա, ըստ Աշոտ Մանուչարյանի, Հայաստանն ինքն իրեն կարող է ոչնչացնել: Անդրադառնալով Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի գործունեությանը` Աշոտ Մանուչարյանը նշեց, որ նա շատ կարևոր աշխատանք է կատարել` ոտքի հանելով մի հսկայական զանգվածի:








































