Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում ավարտվել է քաղաքային երթուղագծերը նոր միկրոավտոբուսներով կոմպլեկտավորելու գործընթացը: Այս մասին երեկ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ երեկվանից սկսած՝ Թբիլիսիում ուղևորներին սպասարկելու են 2011 թվականի արտադրության, դեղին գույնի Ford Transit 2646 նոր միկրոավտոբուսներ: Վերջիններս համալրված են ժամանակակից օդափոխման համակարգերով և ապահովում են ուղևորների հուսալի փոխադրում: Ընդհանուր առմամբ, այս ոլորտում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 4500 մարդ:
Միկրոավտոբուսներում տեղադրված են էլեկտրոնային քարտերի գործածմամբ ուղեվարձի վճարման համակարգեր: Ուղեվարձը կազմում է 80 տետրի (մոտ 0.5 դոլար): Սոցիալապես անապահովների համար ուղեվարձը կրկնակի էժան է, մնացած գումարը կվճարեն քաղաքային իշխանությունները:
Բացի այդ, քաղաքապետարանից հայտնել են, որ ամեն օր յուրաքանչյուր միկրոավտոբուս երթուղի դուրս գալուց առաջ նախ ուղարկվում է ավտոլվացման, ապա անցնում է տեխզննում և հետո նոր դուրս գալիս երթուղի:
Հուլիսի 1-ից մայրաքաղաքի երթուղային տաքսիներում պարտադիր է դարձել օդափոխման համակարգի միացումը: