Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի, կառավարության ու Վերահսկիչ պալատի աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը տարեցտարի ավելի շատ են աճում, քան բյուջեի ծախսերի կամ պետական այլ հաստատությունների պահպանման ծախսերի միջին աճն է:
Այսպես` 2010թ.-ի հաստատված բյուջեի համեմատ, 2011թ.-ի պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը ավելացված են 232 մլն դրամով` կազմելով 2, 66 մլրդ դրամ (կամ մոտ 7.4 մլն ԱՄՆ դոլար): Այսինքն` ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերի աճը եկող տարի կլինի մոտ 9.6%, որը զգալիորեն գերազանցում է եկող տարվա բյուջեի ընդհանուր ծախսերի աճը (6.7%): ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերի այդ աճը զգալիորեն գերազանցում է նաեւ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության բոլոր մարմինների (ներառյալ` նախարարություններ, մարզպետարաններ եւ այլն) ծախսերի միջին աճը (6.1%):
ՀՀ նախագահի, ԱԺ, կառավարության ու Վերահսկիչ պալատի աշխատակազմերի պահպանման ծախսերը ներառում են աշխատանքի վարձատրությունը, ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերումը, հիմնական միջոցների ձեռքբերումը, ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ այլն: Կարելի է ասել, որ, ընդհանուր առմամբ, այն գերատեսչություններն ու մարմինները, որոնց պահպանման ծախսերը ավելի մեծ չափով կաճեն, քան ծախսերի աճի միջին թիվն է` 6.1%-ը, ավելի լավ պայմաններում կլինեն, քան մյուսները: Այս տեսակետից ՀՀ կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի աճը է՛լ ավելի մեծ տոկոս է կազմում` 12.6%: Գումարային արտահայտությամբ կառավարության աշխատակազմի պահպանմանն ուղղվող ծախսերը 2011թ.-ին, այս տարվա համեմատ, կաճեն մոտ 153 մլն դրամով` կազմելով մոտ 1.37 մլրդ դրամ: Վերահսկիչ պալատի պահպանման ծախսերը, ընթացիկ տարվա համեմատ, եկող տարի կաճեն 14.1%-ով: Գումարային արտահայտությամբ Վերահսկիչ պալատի պահպանման ողջ ծախսերը եկող տարի կկազմեն մոտ 784 մլն դրամ: Համեմատաբար ավելի «համեստ» կաճեն ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների պահպանման ծախսերը` 8.4% (կամ 213 մլն դրամ)` կազմելով ավելի քան 2.73 մլրդ դրամ (կամ 7.6 մլն ԱՄՆ դոլար): Սակայն այդ 8.4%-ն էլ, ինչպես երեւում է, գերազանցում է բյուջեի ընդհանուր ծախսերի, ինչպես նաեւ պետական բոլոր մարմինների պահպանման ծախսերի միջին աճը: Մի խոսքով, ե՛ւ ՀՀ նախագահի աշխատակազմի, ե՛ւ ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների, ե՛ւ կառավարության աշխատակազմի, ե՛ւ Վերահսկիչ պալատի աշխատակազմի պահպանման ծախսերը 2011թ.-ին զգալիորեն ավելի մեծ տոկոսով կաճեն, ընթացիկ տարվա համեմատ, քան բյուջեի ու պետական կառավարման բոլոր մարմինների ընդհանուր ծախսերի միջին աճն է: Եվ սա նշանակում է, որ բոլոր մյուս կառույցների համեմատ, այս 4 գերատեսչությունները «արտոնյալ» վիճակում են: Ընդ որում, նշենք, որ այդ 4 գերատեսչություններից 3-ի (բացառությամբ կառավարության) պահպանման ծախսերը աճել էին նաեւ այս տարի, այն պարագայում, երբ գրեթե բոլոր ոլորտներում ծախսերը կրճատվում էին: Այսպես` եթե 2010թ.-ի հաստատված պետական բյուջեի ընդհանուր ծախսերը, 2009թ.-ի հաստատված բյուջեի նկատմամբ, նվազել էին 9%-ով, ապա ԱԺ-ի, ՀՀ նախագահի ու Վերահսկիչ պալատի աշխատակազմերի պահպանման ծախսերը ոչ միայն չէին նվազել, այլեւ ավելացել էին: Իսկ դա այն ժամանակաշրջանն էր, երբ բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում Ռուսաստանի նախագահն ու վարչապետը, կրճատում էին իրենց աշխատակազմերի պահպանման ծախսերը` օրինակ ծառայելով բնակչությանը:
Ի դեպ, վերը նշված թվերը վերաբերում են միայն աշխատակազմերի պահպանման ծախսերին: Կան նաեւ առանձին ոչ մեծ ծրագրեր, որոնց շրջանակներում միջոցներ են տրամադրվում ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմին, այնպես էլ` ԱԺ ու կառավարության աշխատակազմերին (օրինակ` ՀՀ նախագահի ու կառավարության աշխատակազմի կարողությունների զարգացում, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից քաղաքական հետազոտությունների իրականացում, միջազգային կազմակերպությունների ԱԺ անդամակցության վճարներ եւ այլն): Նմանատիպ գումարները, սակայն, այնքան էլ մեծ թիվ չեն կազմում աշխատակազմերի պահպանման ծախսերի համեմատ:











































