Հունիսի 17-ի երեկոյան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժանագույն միջադեպը Հայաստանի համար «անսպասելի երկրորդ երկրաշարժ» որակեց «Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Նա նշեց, որ միջադեպի պատճառ հանդիսացող ամենակարևոր և պարզ հարցերից մեկն այն է, թե մենք որքանով ենք կարողանում հարգել մեկս մյուսին, օրինապահ լինել, ունենալ հոգևոր մշակույթ: Հոգեբանը ցավով նշեց, որ այսօր դա չկա, և շատ հեռու ենք դրանից: Ռուբեն Պողոսյանի գնահատմամբ` նման միջադեպերի պատճառը հոգևոր մշակույթի բացակայությունն է:
Սակայն նրա գնահատմամբ` դաժանության դրսևորման պատճառներից մեկը հասարակության մեջ ինքնասիրահարվածությունը և մեծամտությունն են: «Դաժանությունը մեր մեջ գլուխ է բարձրացնում այնպես, կարծես մեր նախնիների համայնատիրական շրջանից արձագանքվող կենդանական բնազդները: Սա բարեկրթության, դաստիարակության, հոգևոր մշակույթի պակասն է, նաև հասարակության մեջ կան անհատներ իրենց առանձնահատկություններով, որոնք դեռևս գիտակցական ձևերի չեն վերածվել: Սա է ամենաբարդ բանը: Սխալ հագուստ կրելը ռեստորանում այնպիսի խախտում չէ, որ այդպիսի արհավիրք տեղի ունենար: Եթե նրանց այնտեղ նշանակել են օրենքը պահելու համար, ի՞նչ իրավունք ունեն այն աստիճանի մարդկանց փռել գետնին, որ նրանք նույնիսկ չկարողանան տեղից վեր կենալ։ Սա արհավիրք է, մեր ազգի երկրորդ երկրաշարժը: 6 բժիշկների փռել գետնին ինչ–որ սխալ հագուստ կրելու համար»,- մեկնաբանեց հոգեբանը:
Անդրադառնալով թիկնապահներին և նրանց նման կերպ վարվելու հոգեբանական դրդապատճառներին` Պողոսյանն ասաց, որ թիկնապահներին դարձնում են զոմբիներ: «Այսինքն` նրանց մոտ ֆիզիկական ուժի մեծ կուտակում կա, և նրանք տեղ չունեն դա օգտագործելու և սպառելու, որովհետև գիտակցականը նորմալ վիճակում չի, որը կարելի է փոխակերպել մեկ այլ գիտակցական էներգիայի, ուստի ստիպված գործի են դնում իրենց ուժը»,- հստակեցրեց Ռուբեն Պողոսյանը:
Նա հիշատակեց տարիներ առաջ տեղի ունեցած դեպքը, որի «հերոսը», նրա խոսքերով, չպատժվեց, որն էլ վատ նախադեպ էր այս դեպքի համար: «Հիշում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը սպանեց ծեծելով մի երիտասարդի նրա համար, որ Քոչարյանին ասել էր «Ռոբիկ»: Է՛լ ոնց կլիներ՝ նախագահին անունով էր դիմել: Տվեցին սպանեցին, քանի որ իրենց միջից հանված է մարդը, որը սարսափելի բան է»,- ցավով նշեց հոգեբանը` հավելելով, որ շատ տարիներ կպահանջվեն հասարակության շրջանում հոգևոր մշակույթ ձևավորելու համար:







































