ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դաշինքը լիովին աջակցում է Թուրքիային Սիրիայում կործանված թուրքական հետախույզ-ինքնաթիռի հարցում, և քննադատում է Դամասկոսի գործողությունները:
Ինչպես հաղորդում է NEWSru.co.il-ը, գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ նախագահ Բաշար Ասադի ռեժիմը կրկին արհամարհական վերաբերմունք է դրսևորել միջազգային իրավունքի, մարդկային կյանքերի նկատմամբ:
Բացի այդ, Ռասմուսենը հայտարարել է, որ այսօրվա խորհրդատվության ժամանակ չի քննարկվել այդ կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածի կիրառման հարցը: Այն նախատեսում է ռազմական ուժի կիրառում ի պաշտպանություն դաշինքի մեջ մտնող երկրի, որի վրա հարձակում է տեղի ունեցել:










































