Լիբիայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) աշխատակից, իրավաբան Մելինդա Թեյլորի դեմ: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված՝ Լիբիայի կառավարության նամակը: Թեյլորը մեղադրվում է Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամին լրտեսական տեսախցիկ և ծածկագրված նամակ հանձնելու փորձի մեջ:
Լիբիայի իշխանությունների հայտարարության մեջ նշվում է, որ Մելինդա Թեյլորին ձերբակալել են բանտում Սեյֆ Ալ-Իսլամի հետ հանդիպման ժամանակ: Նա իբր փորձել է նրան նամակ հանձնել Մուհամմադ Իսմայիլից, որը եղել է Սեյֆ Ալ-Իսլամի գլխավոր խորհրդականը և հետախուզության նախկին պետ Աբդուլահ Ալ-Սենուսիի համախոհը: Բացի այդ, լիբիական կողմի պնդմամբ՝ Թեյլորը ձերբակավածին է հանձնել փաստաթղթեր, որոնք «վտանգ են ներկայացնում Լիբիայի ազգային անվտանգությանը»:
Տեղի իշխանությունները նաև պնդում են, որ ՄՔԴ իրավաբանը ցանկացել է Քադաֆիի որդուն երկու տեսախցիկ հանձնել: Դրանցից մեկը եղել է ժամացույցի ձևով, մյուսը՝ գրչի: Այսպիսով, լիբիական կողմի պնդմամբ, Մելինդա Թեյլորը խախտել է Լիբիայի օրենքները և ՄՔԴ բարոյական և մասնագիտական սկզբունքները:









































