Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն բացատրել է, թե ինչու «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում Անգլիայի հետ կայացած հանդիպման հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Անտոնիո Պանենկայի ոճով հարված կատարեց:
«Ես տեսա, թե ինչպես է դարպասապահը տարօրինակ շարժումներ կատարում, սպասեցի մինչև նա ցատկեց դեպի անկյունը և հարված կատարեցի: Ինձ համար դժվար չէր իրացնել այդ 11 մետրանոցը: Հավանական է, որ դրանից հետո անգլիացիները լրացուցիչ ճնշում զգացին: Կարծում եմ` իմ հարվածը խախտեց նրանց հոգեբանական հավասարակշռությունը:
Իտալիայի հավաքականը առավելություն ուներ խաղի ամբողջ ընթացքում: Մենք չկարողացանք օգտագործել մեր գոլային պահերը հիմնական ժամանակում: Իսկ Մարիո Բալոտելին ջանասիրաբար աշխատեց ամբողջ հանդիպման ընթացքում: Նա շատ օգնեց իր թիմին: Այժմ կարևոր է կենտրոնանալ և նախապատրատվել Գերմանիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպմանը»,- 33-ամյա ֆուտբոլիստին մեջբերում է Football Italia-ն:









































