Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ իրավախախտներին սպասվում է «ակնթարթային արդարադատություն»: Ինչպես հաղորդում է բրիտանական The Times թերթը, նրանք դատարանի որոշմանը կսպասեն ոչ ավելի քան մեկ օր, իսկ մեղադրանքը կներկայացվի իրավախախտումից մեկ ժամ հետո:
Կասկածյալներն առանձնացվում են հատուկ խմբում՝ «Խախտումներ Օլիմպիադայի ժամանակ»: Այդ խմբում հաշվի կառնվեն, թե որտեղ են տեղի ունեցել հանցագործությունները, արդյո՞ք դրանք եղել են Խաղերի ժամանակ, արդյո՞ք իրավախախտը կամ զոհը եղել է խաղերի մասնակից, հանդիսատես կամ պաշտոնատար անձ:
«Ակնթարթային արդարադատությունը» հնարավորություն է տալիս, որպեսզի Լոնդոն ժամանած՝ տարբեր երկրների քաղաքացիները երկար չսպասեն իրենց դատավճռին:
«Ակնթարթային արդարադատություն» իրականացնելու համար դատարանները կփոխեն իրենց աշխատանքային ժամերը: Նրանք կաշխատեն առավոտյան ժամը 8:00-ից մինչև 13:30-ն, իսկ հետո՝ 14:30-ից մինչև 19:30-ն: Սովորաբար Մեծ Բրիտանիայում դատարաններն աշխատում են 10:00-ից մինչև 16:00-16:30՝ թեյի և ճաշի ընդմիջումներով: Որոշ դատարաններ կաշխատեն նաև շաբաթ օրերին: Դատախազները կաշխատեն անընդմեջ:
Բացի այդ, Օլիմպիական խաղերի ժամանակ նախատեսվում է ակտիվորեն օգտագործել «վիրտուալ դատարաններ», երբ գործընթացի մասնակիցների հետ կապը կպահպանվի տեսակապի միջոցով: Դա հնարավորություն կտա ավելի քիչ թվով կասկածյալների ոստիկանական բաժանմունքից տեղափոխել դատարանի շենք:
Լոնդոնի Գերագույն թագավորական դատախազ Էլիսոն Սոնդերսը հստակեցրել է, որ առայժմ հայտնի չէ՝ արդյոք Օլիմպիական խաղերի ժամանակ ավելի շա՞տ, թե՞ ավելի քիչ իրավախախտումներ տեղի կունենան: Ակնկալվում է, որ «խախտումներ Օլիմպիադայի ժամանակ» կատեգորիային կենթարկվեն տոմսերի հարցում խարդախությունները, աննշան փողոցային անկարգությունները, գողությունը և խուլիգանությունը: Որոշ տվյալների համաձայն՝ Խաղերի նախօրեին հանցագործ խմբավորումները Արևելյան Եվրոպայից Լոնդոն են բերում ներգաղթյալների, որոնք «կաշխատեն» որպես ողորմություն խնդրողներ, գրպանահատներ և մարմնավաճառեր:
«Խախտումներ Օլիմպիադայի ժամանակ»-ը հաշվի է առնվում 2012 թ. մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը:









































