Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում նշում են զինված ուժերի ստեղծման 94-ամյակը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներքին լսարանին ուղղված բոցաշունչ ելույթ է ունեցել, որում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ներկայիս Ադրբեջանում բանակաշինության գործընթացը սկսվել է 1993 թվականին, և այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր: Այդ ընթացքում ստեղծվել և ուժեղացվել է կանոնավոր բանակ: Ադրբեջանական բանակը ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային մասշտաբով ուժեղ բանակներից մեկն է: Մեր բանակի նյութա-տեխնիկական բազան զգալիորեն ամրապնդվել է:
Ռազմական ծախսերն աճում են ամեն տարի: Պետբյուջեում ռազմական ծախսերը զբաղեցնում են առաջին տեղը: Վերջին տարիներին ռազմական ծախսերն ավելացել են ավելի քան 20 անգամ և ներկայումս հասել են 3.6 միլիարդ դոլարի: Բնականաբար, դա հնարավոր է եղել մեր տնտեսական հաջողությունների շնորհիվ: Վերջին տարիներին Ադրբեջանը տնտեսական տեսանկյունից աշխարհի ամենաարագ զագացող երկիրն է:
Եվ դա բնական է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Գոյություն ունի հրադադարի ռեժիմ, սակայն կնքված չէ խաղաղության համաձայնագիրը: Դրա համար էլ պատերազմական պայմաններում ապրող երկիրը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի բանակային հարցերին: Մենք հետագայում նույնպես կավելացնենք բանակին, բանակաշինությանը և զինծառայողներին ուղղված մեր ուշադրությունը:
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի ու պատմական մասն է: Ողջ աշխարհն է տեղյակ այդ մասին: Ոչ ոք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դրա համար էլ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի դիրքերն ամուր են: Սակայն, դժբախտաբար, ժամանակակից աշխարհում խախտվում են միջազգային իրավունքի նորմերը:
Ադրբեջանը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Մենք երբեք չենք հանգստանա: Մեր պետության ու ժողովրդի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղյան հակամարտությունն է, մեր հողերի վերադարձը: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Օկուպացիան երբեք չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության համար»:







































