«Հունիսի 23-ին սուր ծակող-կտրող գործիքից ստացած վնասվածքներով Գյումրու Գյուլպենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի Տեքստիլ թաղամասի բնակիչ Պետրոս Նազարյանը, որը Գյումրիում ավելի հայտնի է որպես «Տեքստիլի Պետիկ»: Բժիշկների բնորոշմամբ` Պետիկի վիճակը հիմա միջին ծանրության է»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Նա վերքեր է ստացել ուսի և սրունքի հատվածներում ստացած դանակի հարվածներից: Ըստ տեղեկությունների` հարվածները նա ստացել է վիճաբանության, ապա կռվի հետևանքով: Գյումրիում ծեծկռտուքի և դանակահարության հետ կապված տարբեր անուններ են շրջում, այդ թվում նաև՝ Վարդան Ղուկասյանի տղայի՝ Սպարտակ Ղուկասյանի անունը:
ՀՀ ոստիկանությունում այս տեղեկությունը չհաստատեցին՝ նշելով, որ ներկայումս նյութեր են նախապատրաստվում: Իսկ համաձայն պտտվող տեղեկությունների՝ Պետիկը դրսից քրեական աշխարհում ինչ-որ հեղինակությունների Է Գյումրիում ընդունել և հյուրասիրել, ինչը դուր չի եկել Սպարտակին: Ընդ որում, Պետիկի անունը ևս շատ գողական ռազբորկաներում և վիճաբանություններում հայտնի է: Բուժող բժիշկները նրան հիշեցին որպես անցյալում էլի նման դեպքերի ակտիվ մասնակից:
Ուշագրավ է, որ Գյումրիում տեղի ունեցած այս դանակահարությունը ՀՀ ոստիկանությունը չի ներառել իր քրեական ամփոփաթերթիկում: Սա հիմք Է տալիս ենթադրելու, որ կատարվածը «սովորական» դանակահարություն չէ, և տեղի իրավապահները ձգտում են այս գործը կոծկել՝ վիճաբանության մասնակիցներին չբացահայտելու նկատառումներով»:








































