ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումը Սիրիայի հարցում կարելի է տապալված համարել։ Այս կապակցությամբ ԱՄՆ իշխանությունները նոր նախաձեռնությամբ հանդես եկան այդ կազմակերպությունում՝ առաջարկելով պատժամիջոցներ կիրառել Բաշար Ալ-Ասադի ռեժիմի դեմ, որը չի կարողանում ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Խորհուրդը Սիրիայի հարցում շարունակում է սպասողական դիրք գրավել` լուրջ գործողությունների անցնելու փոխարեն։ Նա ասել է, որ Անվտանգության խորհրդին չի հաջողվում ապահովել սիրիացիների անվտանգությունը Ասադի կառավարության դաժան հետապնդումներից, իսկ այդ ընթացքում իրավիճակը Սիրիայում ավելի վտանգավոր է դարձել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Սիրիայի հարցով երկու բանաձև են ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը օգտվել են վետոյի իրենց իրավունքից և թույլ չեն տվել այդ հարցի լուծումը հանձնել ՄԱԿ-ին։










































