«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին երգչուհի Լիլիթ Պիպոյանը հույս հայտնեց, որ մեղավորները կպատժվեն ամենայն խստությամբ. «Մանրամասներին ծանոթ չեմ, բայց որպեսզի այլևս նման բան չլինի, պետք է մի անգամ մինչև վերջ քննվի գործը, մեղավորները պատժվեն, ինչպես որ հարկն է»: Նա նշեց նաև, որ անհրաժեշտ է անպայման հայտարարել պատժիչ գործողությունների մասին, որպեսզի ծեծկռտուք սարքողները զգույշ վարվեն մարդկանց հետ և իմանան, որ օրինախախտման համար պատասխան են տալու. «Մենք ունենք մի այսպիսի մտածելակերպ՝ եթե դեպքի մասին տեղյակ են հասարակության լայն զանգվածները, նոր հաստատվում է արդարությունը: Եթե այսօր ԶԼՄ-ները շատ են խոսում, դա դրական դեր է կատարում հարցի լուծման համար»:
Այն հարցին, թե ինքը պատրա՞ստ է միանալ բոյկոտողների ալիքին, տիկին Պիպոյանը պատասխանեց, որ եթե լինի փողոցներով երթ՝ չի միանա, սակայն եթե լինի ավելի հանգիստ միջավայրում՝ անպայման կմիանա բոյկոտողներին։ «Ամեն դեպքում ես արդարության կողմնակից եմ»,-եզրափակեց երգչուհին:











































