Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ևս հետաձգվել է «Մոսկվա» կինոթատրոնում 2010 թ. հունվարին տեղի ունեցած գողության գործով մեղադրվող Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի դատավարությանը: Բանն այն է, որ այսօր հերթական անգամ դատարան չէր բերվել հարցաքննության ենթակա Ստեփան Հովակիմյանի խցակից Կարեն Կարապետյանը, ով այժմ դատապարտված է ու գտնվում է Գորիսի քրեակատարողական հիմնարկում: Դատարանում այս միջնորդությունը ներկայացրած փաստաբան Տիգրան Սաֆարյանի համոզմամբ` Հովակիմյանի խցակիցների ցուցմունքները կարող են ապացուցել, որ Հովակիմյանի ինքնախոստովանականը կորզվել է խոշտանգումների միջոցով, նրանք տեսել են՝ ինչ վիճակում է եղել Հովակիմյանն ինքնախոստովանական ցուցմունք տալու և դրան հաջորդող օրերին: Սակայն դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 3-ը, ժամը 14: 00-ը:
Նշենք, որ դատարանում արդեն հարցաքննված Հովակիմյանի 2 նախկին խցակիցները հաստատել են, որ «Նուբարաշեն»քրեակատարողական հիմնարկ բերվելու օրը Հովակիմյանը գանգատվել է մեջքի ցավերից, որի պատճառով 3 օր անցկացրել է անկողնում: Հովակիմյանի նախկին խցակիցներ Արթուր Մարտիրոսյանն ու Արթուր Սուքիասյանը նաև հայտնել են, որ հավատում են Հովակիմյանի խոսքերին, որ ինքը գողություն չի կատարել ու ինքնախոստովանական ցուցմունք է տվել ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից կատարված խոշտանգումների հետևանքով:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մոտ 1, 5 տարի քննելով 29-ամյա Ստեփան Հովակիմյանի և նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը, այդպես էլ հաշվի չէր առել մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` քրեական գործի նախաքննության սկզբնական պահից հայտնած այն տեղեկությունները, որ իր կողմից ոստիկանությունում տրված բացատրությունն ու ինքնախոստովանական ցուցմունքն իրենից կորզվել են բռնությունների միջոցով:
Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն՝ ապարդյուն: Վերաքննիչ դատարանում այդպես էլ չհաստատվեց, որ Ստեփանից ինքնախոստովանական ցուցմունք է կորզվել խոշտանգման արդյունքում: Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունների վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բողոքը մերժելու մասին, դրանով իսկ դատախազության և ընդհանուր իրավասության դատարանի պես համարելով, որ որոշումը ճիշտ է կայացված, օրինական է և հիմնավոր:










































