Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ոչ հավաստի է որակել ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի տարածած այն տեղեկատվությունը, թե փոփոխության է ենթարկվել ռուսական «Կովկաս 2012» զորավարժությունների ժամկետը: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հայտարարել է, որ այդ զորավարժությունների ժամկետը չի փոխվել.
«Ի սկզբանե պաշտոնական Թբիլիսիին հայտնի է եղել, որ զորավարժություններն անցկացվելու են աշնանը: Կասկածելի է, որ դրանք համընկել են Վրաստանում պլանավորված խորհրդարանական ընտրությունների հետ: Դրա հետ կապված՝ մենք մշտական շփումների մեջ ենք մեր գործընկերների ու միջազգային կազմակերպությունների հետ:
Մենք նրանց խնդրում ենք զգոն լինել և իրատեսաբար գնահատել այդ միջոցառումը: Դա նման է 2008 թվականի ռազմական գործողություններին նախորդող ժամանակաշրջանին: Լավատեսություն չի ներշնչում նաև Պուտինի վերադարձը Կրեմլ և Ռուսաստանի պաշտոնատար անձանց ագրեսիվ հռետորիկան:
Ռուսաստանը մշտապես փորձում է արհեստական առիթներ ստեղծել՝ ագրեսիան արդարացնելու համար: Տվյալ փուլում չի կարելի բացառել ոչինչ: Վրաստանում խուճապի մատնվելու համար հիմքեր չկան, սակայն անհրաժեշտ է զգուշավորություն պահպանել»:










































