France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Մալայզիայի դատարանը վճռել է երկրից արտաքսել Իրանի քաղաքացի Մասուդ Սեդաֆատզադեհին, որը փետրվարին ձերբակալվել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տեղի ունեցած ահաբեկչական շարքին մասնակցելու կասկածանքով: Ավելի վաղ նշվում էր, թե Թաիլանդի իշխանությունները Մալայզիայից պահանջել են իրանցուն հանձնել իրենց:
Թաիլանդի հետախուզությունը կարծում է, որ իրանցին փետրվարի 14-ին մասնակցել է Բանգկոկում տեղի ունեցած մի շարք պայթյունների, որոնց ենթադրյալ թիրախում են եղել իսրայելցի դիվանագետները: Իրանցին ձերբակալվել է ահաբեկչությունների հաջորդ օրն իսկ՝ Կուալա Լումպուրից (Մալայզիա) Թեհրան թռչելիս: Նրանից բացի, ձերբակալվել են ևս երկու իրանցիներ, որոնք նույնպես մեղադրվում են պայթյուններին մասնակցություն ունենալու մեջ: Նրանք ձերբակալվել են Բանգկոկում:








































