Անկախ նրանից՝ կհաստատվեն, թե կհերքվեն «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից փողերի լվացման վերաբերյալ խոսակցությունները, երևույթն ինքնին միանշանակ կխանգարի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, եթե վերջինս որոշում կայացնի առաջադրվել 2013 թվականի նախագահական ընտրություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Նման սկանդալների մեջ ընկած քաղաքական գործիչները սովորաբար հրաժարական են տալիս կամ դուրս գալիս քաղաքական պայքարից, քանի որ իրենց վարկանիշն ազդում է նաև իրենց ներկայացրած կուսակցության վարկանիշի վրա»,- նկատեց նա:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով, հետաքրքրականն այն է, որ Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի օրինախախտումների մասին ԱԱԾ-ն հիշել է միայն հիմա՝ վերջինիս պատգամավոր դառնալուց հետո: «Եթե իսկապես Օսկանյանն այսքան տարիներ փողերի լվացմամբ էր զբաղված, ինչու ոչ ոք այդ մասին մինչ այժմ չէր բարձրաձայնում»,- տարակուսանք հայտնեց նա:
Ամփոփելով՝ սոցիոլոգը նշեց, որ Վարդան Օսկանյանը, որպես քաղաքական դեմք, վարկանիշ չունի: «Նա ոչ մի քաղաքական ուժ չի ներկայացնում: Օսկանյանը մտել է ԲՀԿ, որը բավականին բարձր վարկանիշ ունեցող առաջնորդներ ունի: Եվ դժվար թե նա կարողանա գերազանցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը»:
Հիշեցնենք՝ «Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ և պահանջել հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:
«Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող գործ է հարուցել՝ փողերի լվացման հատկանիշներով:











































