Monday, 08 06 2026
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին

Վահագն Չախալյանի խոսքը` ջավախքահայությանը

Սիրելի՛ ժողովուրդ,

2011թ. հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախքահայության պահանջատիրությունը` դիմելով «Միասնական Ջավախք»-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու և ահաբեկելու ծայրահեղ միջոցներին:

2011 թվականը, իր հետ նոր հույսեր բերելով, նաև առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար մեզանից ջանքեր, համախմբվածություն և ուժերը կենտրոնացնելու կարողություն է պահանջվելու: Այդ մարտահրավերներից ամենևին էլ երկյուղել կամ տագնապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախքահայությունն էլ այսօր մենակ չէ:

Ամենակարևորն այն է, որ մեր կողմն է Արդարությունը:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք ուզում իր տնից բռնի հանել ու բնակվել նրա տեղը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր տները ուրիշի ոտնձգություններից:

Մենք ո՛չ մեկին չենք պարտադրում մոռանալ իրնեց Մայրենին ու Պատմությունը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր Մայրենին ու Պատմությունը:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք հորդորում ուրանալ իրենց հավատքը: Ընդհակառա՛կը, մենք այսօր չենք ուզում ուրանալ մե՛ր կրոնը:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք ստիպում հեռու մնալ իրենց եկեղեցիներից, դրանք թողնել ժամանակի ու բնության քմահաճությանը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պայքարում ենք, որ մեզ վերադարձնեն մեզանից խլված մեր անօտարելի իրավունքը` տեր կանգնել մեր պապերի ձեռքով կառուցված, մեր պապերի արյունով պաշտպանած Աստծո տաճարներին:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք պարտադրում հայերեն սովորել, ազգանունների վերջավորությունները «յան» դարձել: Ընդհակառա՛կը, մենք այսօր մե՛րն ենք պաշտպանում:

Ուրիշի ունեցածի վրա աչք չունենք, բայց մերն էլ ոչ մեկին չե՛նք տա, ինչքան էլ այդ «մեկը» մեզանից ֆիզիկապես ուժեղ ու քանակապես շատ լինի: Մենք ո՛չ մեկից վախենալու խնդիր չունենք, թող մեզանի՛ց, մեր համբերության բաժակը լցվելու՛ց վախենան:

Մենք պայքարում ենք հանուն Ջավախքի հայապահպանության, մենք Քութայիսի հայացման համար չենք պայքարում, որ մտածենք` Արդարությունը մեր կողմը չէ, ու վախենանք:

Սիրելի՛ ժողովուրդ, մեզ անհրաժեշտ է համախմբվել այն անհատների շուրջ, որոնք այսօր Ջավախքում են գտնվում ու չեն վախենում հետևողականորեն խոսել ջավախքահայերի խնդիրներից:

Անհրաժեշտ է համախմբվել նրանց շուրջը, նրանց ոգևորել, օժանդակել ով ինչով կարող է. շատ անգամ մեկ ջերմ, սրտաբուխ խոսքն էլ անհատին կարող է հերոսական քայլերի մղել: Անհրաժեշտ է չտրվել հատուկ ծառայությունների կողմից նրանց մասին շրջանառության մեջ դրվող բամբասանքների հորձանքին: Պետք է փակե՛լ այդ բամբասանքները տարածողների բերանները: Պետք է վերջնականապես հասկանալ, թե ինչքան մեծ վնաս են հասցնում մեր պայքարին այդ բամբասանքներն ու բամբասկոտությունը:

Ուրիշ ի՛նչ կարող ենք անել մենք համախմբվելուց, մեկմեկու որգևորելուց բացի. շա՛տ բան, սակայն այսօր այդ շատից ձգտենք անել նվազագույնը, այն է՝ դիմադրել, ընդդիմանալ ջավախքահայության տկարացմանն ուղղված ցանակացած քայլին:

Ինչ են անում վրաց իշխանությունները. Հայերենի դասաժամերն են կրճատում, «Հայոց պատմություն»-ը չեն թողնում դպրոցներում անցնեն: Ինչ անենք մենք. ամեն մեկս իր դպրոցական երեխայի հետ տանը պարապենք ու լրացնենք այն արհեստական բացը, որը ստեղծել են Թբիլիսիից: Իսկ նրանք, ովքեր գիտելիքների ավելի մեծ պաշար ունեն, թող դասերից հետո, իրենց երեխաների կողքին ուսուցանեն նաև հարևանների երեխաներին, ավելի համարձակները թող խմբակներ բացեն:

Ինչ են անում վրաց իշխանությունները. արգելում են հայկական գրքերի մուտքը Ջավախք: Ինչ անենք մենք. ՀՀ-ից ամեն վերադարձող, որ իր հետ թեկուզ մեկ գիրք բերի, Ջավախքը հայերեն գրքի պակաս երբեք չի ունենա: Սահմանում հո այդ մեկ գրքերը չեն բռնագրավելու: Կբռնագրավեն` ավելի վատ իրենց համար, խայտառակվելու են ամբողջ աշխարհով մեկ, որպես գրքերի դեմ պայքարող պետություն: Ավելի համարձակները թող մեկի փոխարեն տասը գիրք բերեն: Եվ այսպես ամեն բնագավառում անհրաժեշտ է հակադրվել, դիմադրել, ահա թե ի՛նչ կարող ենք մենք անել, անել անձա՛յն, լուռ:

Չեն թողնում վերանորոգել մեր եկեղեցիները, բայց ի՞նչն է խանգարում հավաքվել, մաքրել այն, համոզված լինելով, որ այսօր, այս դժվար պայմաններում այդ մաքրելը հավասարազոր է վերանորոգման: Հայկական երգի, պարի, մշակութային երեկոներ անցկացնենք ամեն մի գյուղում: Հավատացե՛ք, Աստված տեսնելով մեր նվիրվածությունը մեր եկեղեցիներին, մեր Մայրենիին, մեր Պատմությանը, հայ երգ ու պարին, մի օր էլ մեզ հնարավորություն կտա, վերանորոգել և «Հայր մեր»-ը ասել այսօր «վիճելի» կոչվող եկեղեցիներում, ազատ օգտագործել մայրենին կյանքի բոլոր բնագավառներում, Հայոց պատմություն ազատ անցնել դպրոցներում և այլն, և այլն:

Անհրաժեշտ է դիմադրություն, հակառակորդը մեր աչքերում չպիտի նկատի թուլություն կամ հոգնածության հետք իսկ: Թույլերն ու հոգնածները երկար չեն կարող դիմանալ այս արևի տակ: Մեր դիմադրությունը, ամենքիս մեջ մեկ անտեսանելի, հոգևոր կապը և այն գիտակցությունը, որ ծառայում ենք մեկ ընդհանուր, ազգային գործի, մեր կյանքի անգույն, միօրինակ առօրյան ավելի հետաքրքիր կդարձնի:

Այստեղ անելիքի առյուծի բաժինը ընկնում է երիտասարդների ուսերին: Ինչպես ցանկացած հասարակությունում, այսպես էլ ջավախքահայության շարժիչ ուժն էլ մե՛նք ենք, այսօրվա երիտասարդությունը: Ջավախքահայության հաղթանակները առաջին հերթին մերն են, պարտությունները՝ նույնպես: Պետք է թոթափենք մեր վրայից անտարբերության փոշին, անտարբերություն մեր իսկ ճակատագրի նկատմամբ: Պայքարենք կյանքի ցանկացած ոլորտում, դպրոցից սկսած, համացանցով ավարտված: Մեր նախնիների հանդեպ ունեցած հարգանքն ու գալիք սերունդների հանդեպ մեր պարտքի գիտակցումը մեզ իրավունք չի՛ տալիս անտարբեր մնալ:

Այսօր մենք պարտավոր ենք վերադարձնել Ջավախքի վեհությունը իր լեռներին: Պարտավոր ենք և կարո՛ղ ենք: Կարող ենք և պիտի՛ անենք: Փոքր-փոքր քայլերով, աննկատելի, լուռ, բայց ամենօրյա: Հավատացե՛ք, արդյունքը չի ուշանալու:

Այսօր մեր մեջ են հերոսները, մեր գյուղում, մեր հարևանությամբ, մեր կողքին, ուրիշ կերպ չի էլ եղել, ուրիշ կերպ չի էլ լինում: Մենք պիտի զարգացնենք մեր մեջի հերոսին, զարգացնենք ամենօրյա դիմադրությամբ՝ ընդդիմանալով մեր ազգային արժանապատվությանը հարվածող ձեռքին: Չկա ավելի մեծ վիրավորանք, քան ազգային արժանապատվությանը դիպչելը, ազգային իրավունքները ոտնահարելը, մի՛ հանդուրժեք նման վիրավորանք:

Մեր պայքարի ընթացքում միշտ պետք է զգոն լինենք: Միշտ պետք է հիշենք՝ Ջավախքում այսօր վխտում են վրացական հատուկ ծառայությունների հայանուն և հայախոս գործակալները: Դրանք, երբ տեսնում են լավ, ազգային գործ անող մեկին, անտեսանելի սարդոստայն են հյուսում նրա շուրջը:

Նրանք հիմնականում աշխատում են երկու ուղղությամբ` նախ վրացական հատուկ ծառայությունների բամբասանքներն են տարածում, և երկրորդ` հնարավոր բոլոր միջոցներով փորձում են փոխել շարժման ուղղությունը, դրան հայամետից հակավրացական հնչերանգ հաղորդել:

Մեկընդմիշտ պետք է հիշենք, որ մեր պայքարը ոչ մի ազգի, ժողովրդի դեմ չէ, այլ հայամետ է: Համոզված եմ ասում` վրաց ժողովրդի մեծ մասը մեր հանդեպ թշնամաբար տրամադրված չէ, նա շատ անգամ անտեղյակ է իր իշխանությունների կողմից Ջավախքում տարվող հայաթափման, հակահայ քաղաքականությունից: Իսկ տեղ-տեղ էլ ապատեղեկացված է, ճշմարտությանը, իրականությանը չի տիրապետում և իրեն թվում է, թե իշխանությունները ծայրահեղականորեն տրամադրված Ջավախքը հնազանդեցնելու համար են հարկադրված դիմում նման քայլերի:

Հայաստանի միակ քրիստոնյա հարևան վրաց ժողովուրդը մեր բնական դաշնակիցն է և մենք` որպես գիտակից ազգ, իրավունք չունենք թշնամանալ հասարակ ժողովրդի հետ:

Վրաց ժողովրդի տրամադրությունները հայության հանդեպ շատ անգամներ տարբեր են վրացական կառավարության տրամադրություններից, մտադրություններից: Այսօր հենց վրացական մտավորականության մեջ կան անհատներ, որոնք ամբողջապես հասկանում են Ջավախքը հայաթափելու աղետալի հետևանքները: Նրանք քաջ գիտակցում են, որ իրենց իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական պատվերը, Ջավախքը հայաթափելու միջոցով, նրա տարածքը կապող միջանցք են դարձնում «երկու պետություն-մեկ ժողովրդի համար», որը ձգտում է վերջնականապես իր աքցանի մեջ վերցնել Հայաստանը: Վրացական իշխանությունները, ունենալով մեծ դրամական պարտքեր Թուրքիա-Ադրբեջան զույգին, ինչպես նաև բիզնես ու քաղաքական ինչ-ինչ շահեր, լիովին հայտվել են նրանց ցանցում և չեն համարձակվում նրանց պահանջներին հակադրվել: Դրանով նրանք հենց իրենց երկրի գերեզմանն են փորում: Այստեղ մենք անգամ հնարավորություն ունենք վրաց ժողովրդի հետ ձեռք ձեռքի պայքարել ինչպես Հայաստանի անվտանգության համար, այնպես էլ Վրաստանի համար այդ վտանգավոր ծրագրի դեմ:

Մեզ անհրաժեշտ է զգոնություն և հեռատեսություն դրսևորել, տարբերել «թացը չորից»: Պետք է հստակ գիտակցել, որ այն, ինչ մենք անում ենք, ուղղակիորեն կապված է տարածաշրջանում խաղաղության պահպանման հետ, քանի որ թույլ և ուժասպառ Ջավախք նշանակում է ևս մեկ հակամարտության օջախի առաջացում:

Ուստի հանուն խաղաղությունը, կայունությունը պահպանելուն, անհրաժեշտ է պահպանել ուժերի հավասարակշռությունը և այն պահպանելու մեկ ձև կա. ապահովել ջավախքահայության բնականոն զարգացումը: Իսկ դա լուրջ ուժեր, համախմբվածություն, ամենօրյա պայքար և համբերություն պահանջող խնդիր է: Ուրեմն լցվենք համբերությամբ, մեր միջից հանենք վախը, թուլամորթյունը և լծվենք աշխատանքի: Ամեն օր, ամեն մեկս եթե անգամ մեկ կաթիլ ջուր լցնենք մեր ընդհանուր ջրաղացին, այն երբեք չի կանգնի: Եվ այն երբեք չի՛ կանգնելու, քանի դեռ Ջավախքում կգտնվի թեկուզ մեկ դիմադրող անդամ:

Անկախ նրանից, թե Վրաստանի իշխանությունները ինչ են պատրաստվում անել, մենք պետք է մշակենք գործողությունների մեր հստակ ծրագիրը և հետամուտ լինենք դրա իրականացմանը: Ինքնուրույն ծրագիր իր ինքնուրույն գործողություններով, այլ ոչ թե պարզապես ձգտենք հակազդել վրացական իշխանությունների հարվածներին:

Հայրենի հողը ինքն իրեն պաշտպանված զգալու համար ոչ միայն կարիք ունի իր որդիների արյան, այլև նրա քրտինքի, սակայն ամենից առավել նա կարիք ունի նորածին մանկան ճիչի… Ինչքան ավելի է շատանում, բազմանում նորածինների ճիչը, այնքան ավելի է երիտասարդանում հայրենիքը, այնքան ավելի է պաշտպանված զգում ինքն իրեն:

Ազգերի գոյատևման պայքարը հարատև է: Երբ պայքարը դադարում է, դադարում է նաև ազգը: Ապրող ազգի մեջ պայքարը միշտ կա, այն ուղղակի մի ձևից վերափոխվում է, կերպարանափոխվում է մեկ այլ ձևի:

Արցախյան պատերազմում մենք հաղթեցինք: Այնտեղ, ուր հողը արյուն էր պահանջում, մենք այն ազգովի տվեցինք: Եվ արդյունքը տեսանելի է: Վա՛յ մեզ, եթե արյունից տասնյակ անգամ թեթև քրտինքը տալու հարցում մենք թերանանք: Վա՛յ մեզ, վա՛յ այն երիտասարդությանը, ով կթերանա դարեր շարունակ արյունով պաշտպանված հողը այսօր իր աշխատանքից թափվող քրտինքով ջրելուց, վա՛յ այն երիտասարդ աղջիկներին, ովքեր զլանում են մանուկներ ծնել մեր զառամյալ հայրենիքը երիտասարդացնելու համար:

Այսօրվա երիտասարդությունը ստիպված է գիտակցելու իր ուսերին ընկնող պատասխանատվության ամբողջ կարևորությունը, հասկանա, որ հայրենիքը այսօր կարիք ունի նվիրման ու հերոսների՝ բազմազավակ մայր հերոսների, աշխատանքի հերոսների, ուսման մեջ և գիտության բնագավառում հերոսների: Առանց դա գիտակցելու մենք չենք կարողանալու մեր Հայրենիքի այս փոքր հողակտորը պահել:

Չնայած այսօր ես գտնվում եմ բանտում, այն էլ ծանր պայմաններում, բայց ամենևին էլ ընկճված չեմ, շարունակում եմ իմ պայքարն ամենայն վճռականությամբ և վստահ եմ, որ ուշ թե շուտ, ինձ ձերբակալողները, հասկանալով, որ ինձ բանտում պահելը և այդպիսով ինձ լռեցնելը անհույս գործ է, և ստեղծված իրավիճակից ելք չէ, ինձ ազատ կարձակեն:

Նաև վստահ եմ, որ տեսնելով մեր պայքարող, դիմադրություն ցույց տվող ուժը, ոգին, նրանք ընդառաջ են գնալու մեր պահանջներին և դադարելու են ոտնահարել մեր իրավունքները: Ուրիշ կերպ չի՛ կարող լինել, ջավախքահայությունը չի՛ կարող հանդուրժել ու ոչ էլ կարող է ապրել «երկրորդ կարգի» մարդու կարգավիճակով: Այսօր նա իր բողոքը հայտնում է, լքելով պապենական տները, բայց պետք է հասկանալ, որ դա բողոքի ամենաանարդյունավետ ձևն է: Հակառակ կողմը հենց դա՛ էլ ցանկանում է:

Սիրելի՛ ժողովուրդ, ինձ հոգեպես ամրապնդում է այն միտքը, որ օր օրի մենք ավելի գիտակից ենք դառնում մեր պայքարում, օր օրի ավելի փորձված, դրա հետ նաև` ավելի վճռական: Երեք հարյուր հազար ջավախքահայության և վրացահայության ռեսուրսը, լավ տնօրինելու դեպքում, լիովին բավարար է ոչ միայն ինքնագոյատևումը, այլև զարգացումը ապահովելու համար:

Մենք չպիտի ընկճվենք, չպիտի հիասթափվենք ու պետք է լավ գիտակցենք, որ մեր ընկճվածությունից ու հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու: Ուրեմն կորչեն մեր միջից վախը, թուլությունը` իր ընկերներ ընկճվածության ու հիասթափության հետ: Հանուն Ջավախքի` մեր պապերի երկրի` մեր թոռների երկրի, հանենք մեր միջից պառակտվածությունը և անհանդուրժողականությունը:

Այո, 2011 թվականը նոր մարտահրավերների տարի է լինելու, սակայն պետք է գիտակցել, պետք է հավատալ, որ այն նաև նոր հաղթանակների, նոր նվաճումների տարի է լինելու: Բոլորս մեկտեղ ուս ուսի տված հետ նվաճենք մեր պապերի երկիր Ջավախքի վեհությունը, մեր հպարտ Աբուլի վեհությունը:

Պայքա՛ր մինչև հաղթանակ:

Վահագն Չախալյան
Վրաստան, Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտ,
2011թ. հունվար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում