Այսօր՝ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկացնում է News.armeniatv.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Ժամը 18.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Աշոտ Ալիխանյանը, վարելով «Գրանդ Չերոկի» մակնիշի 23 ՕԼ 432 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Ծղուկ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել:
Մինչ վթարի վայր կժամանեին փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վարորդին և վիրավորներին օգնությունը ցուցաբերել են նշված հատվածով երթևեկող քաղաքացիներն ու գյուղի բնակիչները: Նրանց վթարի վայրից շտապօգնության մի քանի բրիգադներ տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնել է, որ վարորդը աշխատում է ԵՊՀ-ի շահագործման բաժնում:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Հովհաննիսյանը:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչներ Անդրանիկ Խաչատրյանի և Գուրգեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Արդեն քննիչի հանձնարարականով վթարի վայր են բերվում քարշակ ավտոմեքենան, որպեսզի վթարված մեքենան տեղափոխվի Ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Սիսիանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:








































