Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին փրկելու գաղտնի ծրագրին, հունիսի 24-ին գրում է The Sunday Times-ը: Ծրագրի էությունն այն է, որ երկրում արտահերթ ընտրություններ անցկացվեն:
Ինչպես հրատարակությանը պատմել է անանուն ռուս դիվանագետը, ով մոտ է Մոսկվայի և Դամասկոսի միջև բանակցություններին, Ասադին առաջարկել են արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ ապստամբների վերահսկողության տակ է անցել երկրի տարածքի առնվազն 1/3-ը, և ռուսական ղեկավարությունը անհանգստանում է, որ ներկա նախագահի համար ավելի դժվար կլինի մնալ իշխանության ղեկին:
Ընդ որում` մոտ ապագայում ընտրությունների անցկացումը կընկալվի որպես ընդդիմությանը ընդառաջ քայլ և արևմտյան երկրների միջամտությունն անհնար կդարձնի:
Միաժամանակ, նույն աղբյուրը հրատարակությանը հայտնել է, որ ռուսական կողմը վստահ չէ, որ Բաշար Ասադը կընդունի խորհուրդը:
«Ընտրությունների անցկացումը երկար ու հոգնեցուցիչ գործընթաց է,-հայտարարել է դիվանագետը:- Հավանաբար, նա կլսի, սակայն մենք ենթադրում ենք, որ նա կպայքարի մինչև արյան վերջին կաթիլը»:
Բացի դրանից` ռուս դիվանագետը The Sunday Times-ին վստահեցրել է, որ Ռուսաստանը մտադիր չէ Սիրիա զորք ուղարկել:










































