«Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի Իսպանիայի ընտրանու հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանն ամփոփել է խաղի արդյունքները:
«Մենք գիտեինք մրցակցի մեկնարկային կազմը, այդ պատճառով խաղադաշտ դուրս եկանք նման կազմով: Ձգտում էինք կանգնեցնել նրանց, կասեցնել գրոհները, իսկ Ալոնսոյի խփած գոլը պարզապես անսպասելի էր: Այն ստիպեց մեզ նյարդայնանալ, քանի որ մինչև ընդմիջում 0:0 հաշիվն ավելի գերադասելի էր:
Իսպանացիները լավ են գործում պաշտպանության գծում: Մենք զիջեցինք տեխնիկապես: Փորձում էինք ինչ-որ բան փոխել, բայց ապարդյուն:
«Եվրո-2012»-ի կիսաեզրափակիչ անցած բոլոր թիմերն էլ ֆավորիտ են: Սակայն ես կառանձնացնեի Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները: Այնուամենայնիվ, ֆուտբոլն անկանխատեսելի է»,- ասել Բլանը:









































