«Իմ հայրիկի երազանքները» գրքում Օբաման թեթևակի հիշատակել էր իր ընկերուհիների մասին և իրեն նկարագրել որպես աշխարհը փրկել շտապող մարդու, որը ռոմանտիկայի համար ժամանակ չի ունեցել։
Սակայն նրա նոր՝ «Բարաք Օբամա. պատմություն» կենսագրականում Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, լրագրող Դավիթ Մարանիսը բացահայտել է, որ Օբաման խմբագրել է իր հարաբերությունները սպիտակամորթ ընկերուհիների հետ՝ բարձրացնելով իր վարկանիշը։
Ժենևևա Կուկն ու Ալեքս Մակնիրը նոր գրքում մանրամասն նկարագրել են իրենց ռոմանտիկ հարաբերություններն Օբամայի հետ։ Նրանց խոսքերով՝ Օբաման ջերմ էր, սակայն նա շատ «փշեր ուներ»։ Ժենևևան ասել է, որ դրանք նկատելով՝ ինքը հասկացել է, որ իրենք անհամատեղելի են։
Այդ ժամանակ Օբաման 22 տարեկան էր, ապրում էր Նյու Յորքում։ Կուկի հետ նրա հարաբերությունները սկսվել են 1983-ին։ Կուկի խոսքերով՝ Օբաման ինքն իրեն միշտ վերահսկողության տակ էր պահում, նա իրեն երբեք մոտ չէր թողնում։ Մի անգամ Կուկը նրան սեր է խոստովանել՝ հուսալով, որ նույնը կլսի նրանից, սակայն ստացել է «շնորհակալ եմ» պատասխանը։ Օբամայի առաջին իսկական սերը Կուկն է եղել, չնայած նրանից առաջ էլ Օբաման ընկերուհիներ ունեցել է։ Կինը պատմել է, որ Օբամային բարդութավորել է իր ծագումը, և դա լրացուցիչ լարվածություն է առաջացրել իրենց հարաբերություններում։
Որոշ ժամանակ զույգը միասին է ապրել Օբամայի փոքրիկ բնակարանում։ Կուկը հիշում է, որ Օբաման սիրում էր հանգստյան օրերին երկար քնել՝ հագին միայն ինդոնեզական վարտիք։ Վեր կենալուն պես սուրճ էր խմում և լրացնում ամսագրերի խաչբառերը։
Օբաման մյուս ընկերուհու՝ Ալեքս Մակնիրի հետ ծանոթացել է 1979-ին, նրանք միասին աշխատել են Կալիֆոռնիայի Օքսիդենտալ համալսարանի ուսանողական թերթում։ Նրանց հարաբերությունները կարճատև են եղել։
Ինչպես գրում է The Daily Mail-ը, Բարաք Օբաման Միշելին հանդիպել է 1989 թվականին՝ Չիկագոյի փաստաբանական ընկերություններից մեկում։ Նրանք ամուսնացել են 1992-ին։








































