Պապուա Նոր Գվինեայում սկսվում են խորհրդարանական ընտրություններ: Արդեն ավելի քան մեկ տարի երկրում շարունակվում է քաղաքական անկայուն վիճակը: Քաղաքական ճգնաժամը սկսվել է իշխանությունից վարչապետ Մայքլ Թոմաս Սոմարեին հեռացնելուց և երկրում ֆինանսների ու աշխատանքի նախկին նախարարՊիտեր Օ՛Նիլի իշխանության գալուց հետո:
Ընտրական գործընթացը կշարունակվի 2 շաբաթ՝ կապված լեռնային շրջանների և Պապուա Նոր Գվինեայի կղզիների դժվարամատչելիության հետ: 4700 ընտրատեղամասերից մեկ երրորդին հնարավոր է հասնել միայն օդային ճանապարհով:
Հաղթանակի գլխավոր հավակնորդներն են Ազգային դաշինքը՝ նախկին վարչապետ Մայքլ Սոմարեի գլխավորությամբ և Ժողովրդական ազգային կոնգրեսը՝ վարչապետ պիտեր Օ՛Նիլի գլխավորությամբ: Սակայն կուսակցություններից ոչ մեկն ամենայն հավանականությամբ բացարձակ մեծամասնություն չի ստանա և շատ բան կախված կլինի այն բանից, թե երկու ֆավորիտներից ով կկարողանա ավելի լավ պայմանավորվել:
Պապուա Նոր Գվինեայի ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավար Էնդրյու Տրոուենը հույս է հայտնել, որ ընտրությունները խաղաղ ընթացք կունենան: Կոնֆլիկտային իրավիճակներից և բռնության ալիքից խուսափելու համար ընտրատեղամասեր և լեռնային շրջաններ են ուղարկվել ավելի քան 1000 ոստիկաններ:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 27-ին:










































