Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հունիսի 29-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը չի պատրաստվում արդարանալ Մոսկվայի և Սիրիայի ռազմատեխնիկական համագործակցության համար:
«Ես չեմ պատրաստվում արդարանալ և շոշափել այդ թեման։ Եթե իմ գործընկերը հետաքրքրվի այդ հարցով, ապա ես կպատասխանեմ: Չեմ պատրաստվում արդարանալ»,– ասել է Լավրովը՝ Rossia-24-ին տված հարցազրույցում:
Նա հերթական անգամ նշել է, որ Մոսկվան ոչինչ չի խախտում՝ «ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձև, ո՛չ արտահանման և վերահսկման ոլորտին վերաբերող սեփական ազգային օրենսդրությունը, որը համարվում է աշխարհում ամենախիստը»:
Լավրովը նաև հերքել է այն տեղեկությունը, որ Ռուսաստանը Սիրիայի կառավարական զորքերին զենքի նոր տեսակներ է ուղարկում: Նախարարն ասել է, որ ինքը պատրաստ է այդ հարցը քննարկել առաջիկա հանդիպմանը:








































