Samsung ընկերությունը որոշել է արտոնագրել ռոբոտը, որը ինքնուրույն շարժվում է երկու «ոտքով»՝ կրկնօրինակելով մարդու քայլվածքը։ Այս մասին հաղորդում է Engadget-ը։
Ռոբոտի մասին հայտնի է դարձել ամերիկյան արտոնագրային գերատեսչությունում Samsung-ի անունից ստացված չորս հայտերից։ Դրանք գերատեսչությանն են ներկայացվել 2011 թվականին հոկտեմբեր-դեկտեմբերին։
Samsung-ի հումանոիդն ավելի «մարդկային» տեսք կունենա, քան ներկայիս մոդելները։ Ռոբոտի բնական տեսքի համար ինժեներները հոգացել են նաև շնչառության մասին։ Հատուկ հոդերի միջոցով ռոբոտի կրծքավանդակը կբարձրանա և կիջնի։
Samsung-ը ներկայացրել է նաև մարդկային խոսքը հասկացող և փողոցն անցնելիս մարդուն օգնող ռոբոտների արտոնագրային հայցեր։











































