Շոգ եղանակի և արևահարման հետևանքով կանչեր այս պահի դրությամբ գրեթե չեն գրանցվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շտապ Բուժօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ իրենք շարունակում են սպասարկել հիմնականում սիրտ-անոթային հիվանդություններով, տրավմաներով պայմանավորված կանչեր:
Աղիքային տարատեսակ ինֆեկցիաներից զգուշանալու նպատակով հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնակչությանը խորհուրդ տվեց հետևել սննդակարգին, ուտել ոչ ճարպոտ մսեղեն և խուսափել կրեմով խմորեղեններից: «Շոգ օրերին ընդունած սնունդը պետք է տարբերվի առավել հով եղանակին օգտագործվողից: Ճարպոտ միսն ու կրեմով խմորեղենը բացառելուց բացի, ամռան ամիսներին սննդակարգից պետք է պակասեցնել նաև կաթը: Փոխարենը լավ կլինի, եթե օրաբաժնում ներառվի 1-2 բաժակ մածուն: Պետք է շատ հեղուկներ, միրգ ու բանջարեղեն օգտագործել»,- ասաց նա՝ հավելելով, որ աղիքային ինֆեկցիաներով վարակված որոշ պացիենտների առկայության պարագայում իրավիճակն, այնուամենայնիվ, անհանգստացնող չէ:
Ամփոփելով՝ Արա Ասոյանը հավաստիացրեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ աղիքային որևէ ինֆեկցիայի տեսակ չկա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































