Եզրագծին մոտեցավ Հանրապետությունում հունիսի 1-ին մեկնարկած միասնական քննությունների առաջին փուլը: Այսօր ժամը 9.30-ից հանրապետության բոլոր մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում մեկնարկել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները: Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է՝ քիմիայի միասնական քնության մասնակցելու դիմում-հայտ է ներկայացրել շուրջ 1511 դիմորդ, իսկ հայոց պատմությունից՝ 3266 դիմորդ:
Նար Դոսի անվան ավագ դպրոցում տեղակայված «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննակենտրոններում քննությունը մեկնարկեց առանց միջադեպերի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի փոխտնօրեն, քննակենտրոնի ղեկավար Վաչիկ Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, թե առաջին անգամ չէ, որ մասնակցում է քննություններին, շնորհակալ է և՛ ԳԹԿ-ին, և՛ ԿԳՆ-ին Երևանում քննություններին անմիջական մասնակցություն ունենալու հնարավորություն տալու համար: Ինչքան որ անցկացվել է քննություն՝ անցկացվել է բարձր մակարդակով, նկատելի վրիպումներ, արտառոց դեպքեր չեն արձանագրվել:
«Այսօր էլ քննության մեկնարկի կազմակերպչական աշխատանքները լավ են իրականացվեցին»,- նշեց քննակենտրոնի ղեկավարը` հույս հայտնելով, որ քննությունների ընթացքը և ավարտը նույնպես այդպիսին կլինեն: Ըստ նրա՝ քիմիայից պետք է քննություն հանձներ 122 դիմորդ, իսկ հայոց պատմությունից՝ 119 դիմորդ: Քննությունը կավարտվի 12.30-ին:







































