Մի-25 տեսակի երեք ինքնաթիռներ, որոնք ՌԴ-ից ուղարկվել են Սիրիա Alaed նավով, վերանորոգվել են ՌԴ տարածքում՝ դեռևս 2008 թ. կնքված պայմանագրի համաձյան: Այս մասին Russia Today-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ բրիտանական ծովային Standard Club ապահովագրական ընկերությունը դադարեցրել է ապահովագրություն տրամադրել Femco ընկերությանը, որին պատկանում է Alaed նավը։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի խախտել որևէ միջազգային կանոն, ՄԱԿ ԱԽ-ի ոչ մի բանաձև, իսկ պատահածը խոսում է «Մեծ Բրիտանիայի ապահովագրական ընկերության անվստահելի լինելու մասին»:
«Էխո Մոսկվի»–ին տրված հարցազրույցի ժամանակ Լավրովը հավելել է, որ ուղղաթիռները Սիրիա են տեղափոխվել չհավաքված վիճակում, և մոտ երեք ամիս է անհրաժեշտ դրանք տեղում հավաքելու համար:
Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին մեղադրել էր Սիրիային ուղղաթռիներ մատակարարելու մեջ, սակայն ավելի ուշ Պետդեպարտամենտը հստակեցրել էր պետքարտուղարի հայտարարությունը` ասելով, որ խոսքը վերաբերում է ոչ թե նոր, այլ վերանորոգված ինքնաթիռներին:










































