ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս- Յոհան Շմիդտի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցել են KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Ֆիլիպ Գրաֆ ֆոն Շվերը, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Քննարկվել են KfW բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
Դեսպան Հանս- Յոհան Շմիդտը նշել է, որ Հայստանում իր դիվանագիտական առաքելության ավարտին ուրախ է այն վստահության համար, որ ծրագրերը, որոնք իրականացվում են Գերմանիա-Հայաստան ֆինանսական համագործակցության շրջանակում, կշարունակվեն: Նա շնորհակալություն է հայտնել իր դիվանագիտական գործունեության ընթացքում ցուցաբերված աջակցության համար:
Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Գերմանիայի հետ հարաբերությունները եւ երկկողմ, եւ Եվրամիության հետ համագործակցության շրջանակում` ավելացնելով, որ կառավարության հաջողությունները նաեւ պայմանավորված են նման արդյունավետ գործակցությամբ: Ա. Գեւորգյանը նշել է, որ Գերմանիան Հայաստանի կառավարության կարեւոր գործընկերներից մեկն է` պայմանվորված իրականացվող ծրագրերի բազմակողմանիությամբ եւ դրանք ընդլայնելու առկա հնարավորություններով:
Նա կարեւորել է մարզերում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգման վարկային ծրագրով իրականացվող աշխատանքները, հույս հայտնելով, որ դրանք կդառնան կառավարության ծրագրի այս տարվա տնտեսական աճի խթանիչներից մեկը:
Փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է մնում մեծ տարողունակությամբ ջրամբարի կառուցման հարցը եւ կարեւորեց Կապսի ջրամբարի վերակառուցումը` բարձրացնելով KfW- ի ֆինանսավորմամբ այն իրականացնելու հնարավորությունը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնումե ն, որ զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:








































