Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ CNN Türk-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է չեղյալ հայտարարել ավելի վաղ Ֆրանսիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնց պատճառը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկումն էր.
«Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները թևակոխում են նոր ժամանակաշրջան: Վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումից հետո կարգադրվել է Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցների չեղյալ հայտարարման մասին: Ֆրանսիայի որդեգրած նոր դիրքորոշման պատճառով պատժամիջոցների հարցը դուրս է մնում օրակարգից:
Պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցը կքննարկվի հուլիսի 5-ին՝ իմ կատարելիք ֆրանսիական այցի ժամանակ: Մի շարք անձինք ցանկանում էին վատթարացնել թուրք-ֆրանսիական հարաբերությունները, սակայն այդ անհաջող ժամանակաշրջանն անցավ, և երկու երկրների հարաբերությունները կզարգանան հետագայում»:
Հիշեցնենք, որ Էրդողանը Բրազիլիայում Օլանդի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է Թուրքիա՝ ընդգծելով, որ վերջին 20 տարիներին Ֆրանսիայի նախագահն այդ կարգավիճակում չի ժամանել Թուրքիա:








































